Արվեստագետ Ռուբեն Բաբայան. Մարդը գնալով դառնում է ավելի միայնակ
Մարդկային որակներ: Առաջնորդող գաղափարներ: Մտահոգություններ: Տիկնիկային արվեստ և հանդիսատես: … Panorama.am-ի զրուցակիցն է Երևանի Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵԹԿՊԻ Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը:
-Մարդկային արժեքների ի՞նչ փոփոխություններ եք նկատում վերջին ժամանակներում:
-Մենք շատ հաճախակի սեփական բացասական կողմերը փորձում ենք վերագրել ժամանակներին: Իրականության մեջ բոլոր ժամանակներում էլ միշտ ամեն ինչ եղել է, ամենակարևորը, թե հասարակությունն ինչ գաղափարներով է առաջնորդվում: Բացարձակապես հակված չեմ ժամանակներին վերագրել մետաֆիզիկ դեր, միստիկական ազդեցություն: Կարող են ապրել որպես կարգին մարդ, որպես սրիկա: Ի՞նչ կապ ունի ժամանակը: Պետք չէ ժամանակի վրա բարդել մեր ներքին պրոբլեմները: Ընդհանրապես, մարդկանց մեծամասնությունը սիրում է մեղմացուցիչ հանգամանքներ ման գալ սեփական ստորության համար: Մենք քրիստոնյա ենք և առաջին պարտքը դա սեփական անձով զբաղվելն է, փորձել մշտապես քո մեջ ման գալ ու վերացնել բոլոր բացասական կողմերը: Չեմ կարծում, որ այսօրվա ժամանակները ինչ-որ բանով տարբերվում են նախորդ ժամանակներից կամ կտարբերվեն ապագա ժամանակներից: Պարզապես մենք ինքներս թույլ ենք դուրս գալիս այն բոլոր գայթակղությունների առաջ, որոնք կան այսօր: Գուցե այսօրվա ժամանակը գայթակղությունների դռները լայն է բացել, և մենք այդքան պատրաստ չենք այդ փորձություններին դիմանալ: Սա այլ հարց է, բայց էլի ներքին հարց է:
-Իսկ ի՞նչ գաղափարներով ենք առաջնորդվում: Ի՞նչն է պատաճառը, որ մարդիկ այսօր չարացած են, չեն ժպտում, անտարբեր են մեկը մյուսի նկատմամբ:
-Ժպտալով դու լավություն ես անում ինքդ քեզ, բարձրացնում ես քո սեփական տրամադրությունը, լավատեսությունը: Աշխարհն այսպիսին է, և չեմ կարծում, որ կան մարդիկ, հասարակություններ, որոնք ապրում են միայն ու միայն բարեկեցիկ կյանքով: Բավարարվածության հարց կա. ինչ-որ մեկը կարող է բավարարվել օրական սնունդով, մեկը չբավարարվի բազմաթիվ դղյակներով: Երբ ժպտում ես ուրիշին, ի պատասխան ժպիտ ստանալու հավանականությունը շատ ավելի մեծ է, քան ապտակ ստանալու: Իսկ երբ դեմքի կատաղի արտահայտությամբ ես նայում դիմացինիդ, պատրաստ եղիր, որ նման վերաբերմունքի կարժանանս: Առաջին քայլն անելը դժվար է, առաջին քայլը պետք է նա անի, ով ուժեղ է: Ես կարծում եմ` մեզ մոտ բացակայում է ուժի ճիշտ գիտակցումը: Լուզոնգ կա` ուժն է ծնում իրավունք: Վտանգավոր թեզ է: Այդ թեզով մենք կարող ենք արդարացնել նույնիսկ Ցեղասպանությունը. ով ուժեղ էր, նա էլ իրագործեց: Ընդհանրապես, կյանքը ճիշտ կողմնորոշիչների մեջ է:
-Ի՞նչն է այսօր ձեզ մտահոգում:
-Գլոբալ մասշտաբով համընդհանուր պրոբլեմ է` մարդը գնալով դառնում է ավելի միայնակ: Երկխոսության պահանջը, մարդկային շփման պահանջը շատ անհրաժեշտ է: Փոխվել է ժամանակի ընթացքը, դարձել է ավելի արագ: Փորձում ենք հասցնել ավելի շատ ավելի կարճ ժամանակահատվածում: Բայց ավելի մեծ ծավալի գործ հասցնելով, ինֆորմացիա ստանալով` որոշակի չափով մեկուսանում ենք իրարից: Իրար հետ շփումը հաճախակի վիրտուալ բնույթ է ստանում, բայց երբևէ չի կարող անմիջական շփումը փոխարինվել վիրտուալ շփումով: 3000 տարի է թատրոնը կա, բայց միշտ մնալու է, քանի որ ոչ մի բան չի կարող փոխարինվել անմիջական շփումով:
Ինչ վերաբերում է մեր երկրին: Ինչպես բոլոր քաղաքացիները, ես էլ ուզում եմ տեսնել Հայաստանը քաղաքակիրթ երկիր, տեսնել Հայաստանին իր արժանի տեղում արժանավորների շարքում: Համոզված եմ, որ մենք դրան արժանի ենք, համոզված եմ, որ բնակչության մեծամասնությունը դրա պահանջն ունի: Տանել չեմ կարողանում, երբ փորձում են տարբեր տեսակի այլանդակությունները բացատրել մեր ազգային մենթալիտետով: Ձեր ազգային մենթալիտետը մի փաթեթեք ժողովրդի վզին:
-Վերը թվարակած խնդիրների լուծման գործում արվեստը ի՞նչ դերակատարում կարող է ունենալ:
-Երբևէ չպետք է դիտել արվեստի ազդեցությունը շատ ճակատային: Հենց որ արվեստը դառնում է հրապարակախոսական, նա կորցնում է իր բուն իմաստը: Արվեստի ազդեցությունը շատ ավելի խորն է, դանդաղ է ազդում մարդու վրա, բայց եթե կարողացավ ներգործել ճիշտ զգայարանների վրա, ազդեցությունը հիմնավոր է դառնում: Մարդ ուժեղ, կայուն երևույթ է, եթե համոզված է սեփական ճշմարտացիության մեջ, կոտրել հնարավոր չէ: Միշտ պետք է գտնել ճիշտ ձևը:
Արվեստը ժամանակի ընթացքում թողնելով նույն բովանդակությունը (մարդու ներքին աշխարհն ուսումնասիրելն է), յուրաքանչյուր ժամանակ թելադրում է իր ձևը: Չենք կարող այսօր ստեղծագործել հարյուր, երկու հարյուր տարի առաջվա նման: Ամեն ժամանակ թելադրում է իր ձևը: Ամեն անգամ պետք է փորձել գտնել մարդու հետ խոսելու յուրովի, յուրահատուկ ճանապարհ, որպեսզի մարդը քեզ լսի:
-Հանդիսատես գրավելու համար հաճախ տարբեր կերպարանքներ են ընդունում, դիմում տարբեր նորարարությունների: Դե՞մ եք նորարարություններին:
-Բացարձակապես, նորարարություններին դեմ չեմ, բայց համարում եմ, որ ամեն ինչ իր տեղն ունի: Սիրում եմ ջազ, ռոք, դասական, օպերա, յուրաքանչյուր ուղղություն արդյունավետ է, եթե որակյալ է: Ինչքան շատ հնարավորություն ստեղծենք երեխաների համար, այնքան լավ: Չի կարելի մի բանը փոխել մեկ այլ բանով: Լավ են կոմպյուտերային խաղերը, զարգացում են, բայց չեն կարող փոխարինել թատրոնին, դասական երաժշտությանը, պատկերասրահ կամ թանգարան այցելությանը: Այս ամենը պետք է զուգահեռ լինի:
Երեխաները նույնն են, ոչ մի փոփոխություն չկա: 1980 թվականից աշխատում եմ թատրոնում, մշտապես շփվում եմ երեխաների հետ: 35-40 տարվա ներկայացումներ կան մեր խաղացանկում, նույն հաջողությամբ գնում են, նույն ազեդցությունն ունեն: Զարմանալի է, բայց երեխան կոնսերվատիվ է, անընդհատ ուզում են լսել նույն հեքիաթը, դիտել նույն ներկայացումը: Իսկ այն բոլոր նորարարությունները, որ անում ենք, երեխաների երևակայության հնարավորությունները, սահմաններն ընդլայնելու համար են: Այս ոլորտում, որ կատարվում են նորարարություններ, ողջունելի է: Երբ որ փորձում են մեծահասակների կողմից ընդունված բաները փաթեթել երեխաների վզին, բացարձակապես դրական էմոցիաներ չի առաջացնում, օրինակ գեղեցկության մրցույթներ: Երեխային պետք է բիոլոգիապես մաքուր ուտելիք, որպեսզի առողջ մեծանա: Նկատի ունեմ` հոգևորը:
-Տարբեր երկրներում բազմաթիվ ներկայացումներ եք դիտել: Կան ինչ-որ բաներ, որ ուզում եք այստեղ անել, բայց հնարավորությունները թույլ չի տալիս:
-Շատ բան` մի մասը չեմ ուզում, մի մասը չեմ կարող: Յուրաքանչյուր արվեստագետի համար սեփական ուժերի ճիշտ գնահատումը կարևոր բան է: Ուրախանում եմ, երբ տեսնում եմ իմ աշակերտների արածները, որ ես այդպիսի բաներ չէի կարող անել, բայց նրանք կարող են: Հրաշալի է դա: Երբեք այլ երկրների թատրոնների տեխնիկական հնարավորություններին չեմ նախաձել, քանի որ մնացած ամբողջ կյանքդ կդառնա նախանձի մի անվերջանալի ուղի:
-Հայկական տիկնիկային արվեստը այլ երկրների հետ համեմատած ի՞նչ մակարդակի վրա է: Անելիքներ կա՞ն:
-Անելիքներ միշտ էլ կան, առավել ևս արվեստում: Ես անկեղծ մի բան ասեմ, որ նման տիկնիկային թատրոն աշխարհում չկա: Հարցը վերաբերում է ոչ թե խաղացած ներկայացումների մակարդակին, այլ ֆորմատին, դիապազոնին. տիկնիկային արվեստի բոլոր ձևերը` սկսած դիմակներից, վերջացրած խամաճիկներով, դրամատիկ ներկայացումներով, այսինքն ամենատարբեր ոճերով, ամենատարբեր գեղագիտական ուղղություններով, այս առումով թատրոնը ճանաչված է աշխարհում: Նույն հաջողությամբ մասնակցում ենք և տիկնիկային, և դրամատիկ, և մնջախաղի թատրոնների փառատոների: Այս ճանաչումը նաև պարտավորեցնող է, քանի որ երբ չեն ճանաչում, ոչինչ չեն սպասում, երբ ճանաչում են, ամեն անգամ երբ քո թատրոնի անուն են տալիս, հետաքրքիր բան են ակնկալում: Թատրոնի հետ կապված բազմաթիվ պրոբլեմներ կան` մասնագիտական, կազմակերպչական, ֆինանսական, տնտեսական, սոցիալական, աշխատանքային: Ֆինանսական միջոցների պատճառով ոչ բոլոր փառատաներին ենք կարողանում մասնակցել, թեև հրավերներ ստանում ենք: Ինդոնեզիայից մինչև Արգենտինա հրավեր ենք ստանում: Այսինքն հիմա արդեն այն վիճակն է, որ ինքներս ենք ընտրում` ուր գնալ, ուր ոչ, կախված են նաև պայմաններից: Օգոստոսին գնալու ենք Վառնա: Կարծում եմ, մշակույթի նախարարությունը մեզ կօգնի Մեծ Բրիտանիա մեկնել ու մասնակցել դրամատիկ թատրոնի փառատոնին:
-Ինչպիսի՞ն է այսօր պետության վերաբերմունքը արվեստի նկատմամբ:
-Երբ նայում ես ֆինանսավորմանը, մեծ գումար է, բայց պետության ոչ թե վերաբերմունքը, այլ կազմակերպչական ռեֆորմներին վերաբերող հարցը դոփում է տեղում: Արվեստը միշտ պահանջում է իր հանդեպ ճկուն քաղաքականություն, կարծրացած թեզի մեջ չի կարող լինել, դա սպանում է արվեստը: Մեր պարագայում թատերական գործի կազմակերպման գործում նույն կառուցվածքն է, ինչ սովետական շրջանում, բացի ֆինանսավորումից: Պետք է ման գանք ու գտնենք ձևեր, ճկուն մեխանիզմներ, դառնանք դինամիկ, քանի որ մեր հիմնական խնդիրը ոչ թե պլանն է, այլ արվեստի գործ ստանալն է: Սրա համար կարելի է միայն ստեղծել պայմաններ: Իսկ թե կծնվի արվեստի գործ, թե ոչ, սա էլ է հարցական:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին