Երիտասարդ ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը մտահոգ է… «Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին»
Պարզվում է`եթե երիտասարդն աշխատասեր է ու ձգտում ունի, թիկունք պետք չէ` իր նախընտրած ու ամենակարևորը` ըստ մասնագիտության աշխատելու համար: Վառ օրինակ... Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ռեժիսոր, «Արտավազդ-2011» մրցանակաբաշխության «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացած Շուշանիկ Գևորգյանը: Panorama.am-ի զրուցակիցն է երիտասարդ ռեժիսորը:
- Որպես երիտասարդ ռեժիսոր, ինչպիսի՞ ճանապարհ եք անցել, մինչև հասել եք Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն:
-Կարծիք կա, որ երիտասարդները չափազանց մեծ դժվարությամբ են կարողանում հասնել որևէ հաջողության` աշխատանքի բնագավառում, դժվար են հաղթահարվում խոչընդոտները: Համաձայն եմ, որ դժվարություններ շատ կան, բայց կոնկրետ հայ երիտասարդ բեմադրիչների, ռեժիսորների համար, ցանկության ու աշխատասիրության դեպքում, շատ ու շատ դռներ են բաց: Սոցիալական առումով միջին խավի ընտանիքից եմ: Ես եկա այս ասպարեզ ոչ մեկին թիկունքում չունենալով, ուղղակի կա մեծ ձգտում, սեր աշխատանքի նկատմամբ ու Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտն ավարտելուց հետո ընդունվեցի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն:
-Ստեղծագործական գործունեության ընթացքում ինչիպիսի՞ խնդիրների եք հանդիպում:
-Ստեղծագործող մարդու համար բոլոր դարերում էլ եղել են խնդիրներ ու կլինեն` ինչպես աշխատել դերասանի հետ, ինչ պիես ընտրել, ինչպես ներկայացնել քո մտահղացումները: Այսօր թատրոնի համար թիվ մեկ խնդիրը դերասանի օրապահիկի խնդիրն է: Դերասաններն աշխատում են մի քանի տեղ, իսկապես թատրոնին տրվելու համար մարդիկ ֆիզիկապես ուժ ու եռանդ չեն ունենում: Ֆինանսական առումով այնքան վատ վիճակում են գտնվում, որ չես կարող նրանցից պահանջել 100 տոկոս նվիրում իրենց գործին: Թեև բոլոր դերասաններն իրենց գործի լավագույն գիտակներն են, բայց անմիջապես զգացվում է, որ կիսով չափ են նվիրված գործին: Իսկ սա ոչ իրեն, ոչ ռեժիսորին, ոչ հանդիսատեսին լիարժեք բավարարում չի բերում: Դերասանի համար, որպես քաղաքացի, վիրավորական է ստանալ 30 հազար դրամ:
-Արտերկրում գործող թատրոնների հետ շփումներ ունեք: Ասեք` ի՞նչ կա այնտեղ, որ ցանկանում եք տեսնել նաև այստեղ, բայց...
- Մենք չունենք դրսի արագությունը: Այնտեղ ռեժիսորները, դերասանները շատ արագ են նոր ձևեր, նոր ֆորմաներ, պիեսներ տեսնում, ամբողջությամբ թաթախվում են նորի մեջ, գնում են, պարտվում են, հաղթում են, ճկուն են իրենք: Մենք շատ դժվարությամբ ենք փոփոխությունների, նորարարությունների համակերպվում: Չի նշանակում, որ Շերամի երգը վերցնում են, չափը փոխում են, ինտոնացիան ոչ ճշգրիտ են ներկայացնում ու դա համարում են նորամուծություն, և վիրավորվում են, որ այն չի ընդունվում: Ոչ: Ոչ: Նորմածությունը պետք է արվի խելացի և պրոֆեսիոնալ: Ես ինքս էլ դժվար եմ համակերպվում նորարարություններին և փոփոխություններին: Երիտասարդների համար պետք է ստեղծվեն պայմաններ, որ մեծանա դրսի հետ շփումը, պետք է իրենց մաշկի վրա զգան, թե դրսում թատրոնն այսօր վազելով է առաջ գնում, ոչ թե քայլելով: Դրա համար պետք է արտասահմանյան ծրագրերի մեջ շատ ներգրավել երիտասարդ ռեժիսորներին, դերասաններին, լինեն հյուրախաղեր, վարպետության դասեր:
-Հանդիսատեսն ուզո՞ւմ է բեմում նորարարություններ տեսնել:
-Հանդիսատեսը գնում է թատրոն, որպեսզի մի երկու-երեք ժամով այլ աշխարհում հայտվի: Նրան չի հետաքրքրում` այդ բեմադրության մեջ նորարարություններ կան, թե ոչ: Նորամուծությունը միշտ պետք է արվի շատ նրբորեն, զգուշորեն, հատկապես եթե գործ ունենք դասական հեղինակի հետ: Եթե վերցնում ես դասական գործ, որը հարյուր անգամ արվել է փայլուն, ու ևս մեկ անգամ անելու դեպքում նորամածությունը պետք է լինի հետաքրքիր, կիրթ կամ լինի ավանդականի կրկնությունը: Նորամուծությունը` տեսնել հինը նոր լույսի ներքո: Եթե դու իրականում տեսնում ես նոր լույսի ներքո, հիանալի է: Պետք է լինի գաղափարի նորամուծություն:
-Ի՞նչ է ուզում տեսնել հանդիսատեսը` ավելի թեթև, թե լուրջ խնդիրներ արծարծող, վեր հանող ներկայացումներ:
-Հանդիսատեսը սա է ուզում վերնագրի ներքո այնքան անհամ կերակուրներ են մատուցվում: Հակառակը, արվեստը երբեք չի ընկում հանդիսատեսի հետևից, այլ տանում է իր հետևից հանդիսատեսին: Հանդիսատեսը միշտ ուզում է տեսնել լավ ներկայացում, լսել լավ երաժշտություն, միշտ ուզում է տեսնել գեղեցիկը: Գալիս է թատրոն, որպեսզի աչքը, ականջը շոյվի, սիրտը բաբախի: Ամենակարևորը՝ պետք է սիրտն աշխատի: Թատրոնը պետք է սրտի հետ համաձուլված ու միաձուլված լինի: Արվեստը սրտի, մտքի, հոգու, բոլոր թելերի ու շնչառության համաձուլվածքն է:
-Ինչպիսի՞ մտահոգություններ ունեք:
-Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին: Սերիալում քարոզվում է վատը, անորակը, իսկ թատրոնում կան հրաշալի ներկայացումներ, որոնց մասին գիտի թատերասեր հասարակության քիչ տոկոսը: Սերիալներն ուղղակի արհավիրք են մեր գլխին: Դեռևս դերասանի խաղը չտեսած, երբ նա դուրս է գալիս բեմահարթակ, ծափահարություններ են հնչում: Առաջին հայացքից ողջունելի է, բայց երկրորդ հայացքից` ոչ. նրան ճանաչում են ոչ այնքան որակյալ սերիալից, այնինչ նրա կողքին կա մեկը, ով իսկապես նվիրված է գործին, ապրում է այդ ամենով, բայց անտեսված է:
Ինձ նաև այն փաստն է մտահոգում, որ ամեն քայլափոխի լսում ենք, թե ինչպես են քարկոծում Հայաստանը, հայ արվեստը: Պետք է փորձենք յուրաքանչյուրս մեր ոլորտում մեր մաքուր աշխատանքով, մեր հավատով, մեր լույսով, հայրենասիրությամբ ինչ-որ մի կերպ նպաստենք, որ մեր երկիրը ավելի պայծառ դառնա, լուսավոր լինի, ավելի հզորանա, թեկուզ այս փոքր տարածությանն մեջ:
-Մեր շուրջ շատ են բացասական երևույթները: Արվեստն ի՞նչ դերակատում կարող է ունենալ այդ երևույթները մեղմելու գործում:
-Արվեստի գլխավոր խնդիրն այն է, որ մարդ պետք է միշտ վերադառնա ինքն իրեն: Մեր շրջապատում շատ է չարությունը, ագրեսիան, մարդ հաճախ իրեն տրորված է զգում, անպաշտպան, թույլ: Իսկական արվեստը գալիս է ապացուցելու, որ աշխարհում կարևորագույն օղակը, միավորը մարդն է: Հանդիսատեսը գալով թատրոն պետք է հասկանա, թե ինչքան կարևոր է ինքը, լավագույն զգացմունքները, մտքերը, որ կան իր մեջ, Աստծու պարգև է, պետք է փայփայել ու վեր հանել: Արվեստը կոչված է նրա համար, որ մարդկանց բեմից ասի` դուք լավն եք: Սիրեք կյանքը: Այն արժեքները, որոնք ձեր մեջ կան, մի սպանեք: Նյութականը մեզ համար կարևոր է, իհարկե: Բայց ինչպես ասում են` ոչ միայն հացիվ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան