Արվեստաբան Արաքսյա Սարյան. Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»
«Այսօր ամեն ինչ շատ անձնական է… Միջին շնորհալի մարդուն պետք է ասել տաղանդավոր, այլապես թշնամի ձեռք կբերես»: Panorama.am-ի զրուցակիցն է արվեստաբան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսյա Սարյանը:
-Արդյո՞ք այսօր Հայաստանում կա արվեստի քննադատություն, ընդհանրապես` արվեստի բոլոր ոլորտներն ի նկատի ունեմ:
-Կոնկրետ իմ ոլորտի` երաժշտարվեստի վերաբերյալ ասեմ. մեզանում էլ չկա քննադատություն: Քննադատությունը կարևոր և անհրաժեշտ ինստիտուտ է, հատկապես, եթե այդ քննադատությունը բարյացկամ է լինում: Բարյացկամ քննադատությունը շատ օգտակար է. եթե դիմացինն ունենա համապատասխան կուլտուրա, կհասկանա, որ քննադատությունը նրա համար է, որ գործն ավելի լավը դառնա:
Ինչ վերաբերում է չլինելուն, երևի առաջին պատճառներից մեկն այն է, որ շատ անձնական է դարձել ամեն ինչը, և եթե դու միջին շնորհալի մարդուն չասես տաղանդավոր, կդառնաս թշնամի: Ինքնահաստատման ճանապարհները հիմա բոլորովին այլ են մեր ժամանակների հետ համեմատած: Ժամանակին զբաղվում էի Հայկանուշ Դանիելյանի արխիվով: Այնտեղից նամակներ, հոդվածներ եմ կարդացել, հիշողությանս մեջ մնացել է երաժշտագետներից Ալեքսանդր Շահվերդյանի այն հոդվածը, որում գրել էր, թե այսօր Հայկանուշ Դանիելյանը, ով արդեն հայտնի երգչուհի էր, չհնչեց այնպես, ինչպես մենք գիտենք: Զանազան բարյացկամ ցանկություններ ու քննդատություններ եմ կարդացել, բայց դրանք ընդունվել են նորմալ: Եթե մարդ կուլտուրա ունի, դիմացինի խոսքը, նույնիսկ դիտողությունը կամ քննադատությունը լսել, դա իրեն անհրաժեշտ է: Այդպիսի քննադատություն չլինելու, չընդունելու պատճառով արվեստը շատ վնասներ է կրում:
-Ունե՞ք արվեստի քննադատներ:
-Դա արդեն ոչ թե դպրոցի կամ դասավանդման խնդիրն է, այլ մարդուց է կախված: Նրա պատասխանատվությունից, անհանգստությունից` իր բնագավառում որակի բարձրացման համար: Իսկ ամենուրեք տեսնում ենք, որ ճգնաժային վիճակ է:
-Խորհրդային շրջանում կար ուժեղ քննադատություն, գրաքննադատություն, բայց միաժամանակ ունենք արվեստի գլուխգործոցներ, որոնք ստեղծվել են հենց այդ շրջանում: Այսօր մարդն ավելի ազատ է ստեղծագործելու առումով, բայց, ինչպես պնդում են շատ մասնագետներ, չեն ստեղծում գլուխգործոցներ: Ի՞նչն է պատճառը:
-Խորհրդային շրջանի գաղափարական ճնշումներն իրենց վնասները տվել են, իհարկե: Սովետական տարիների, թեև այդ ճնշումներին, իրոք, ստեղծվել են արվեստի հիանալի գործեր, իսկ դա արդեն մարդուց էր գալիս` մարդն իր գործին, աշխատանքին, իր ներքին գաղափարներին և սկզբունքներին նվիրված ու պատասխանատու էր: Դա էր ուժը, որ այդ տարիներին, հաղթահարելով այդ գաղափարական ճնշումը, ստեղծվեցին արվեստի գլուխգործոցներ:
-Այսօր մարդիկ փոխվե՞լ են:
-Ամեն ինչն է փոխվել: Միանգամից չենք կարող ասել, որ բոլոր մարդիկ են վատը: Շատ լավ մարդկանց հետ եմ շփվում, վատերն էլ են շատ, մարդկանց հետ առնչվել դժվարացել է: Այսօր ուսանողները, ում հետ ես շփում եմ ամեն օր, չգիտեն` կյանքում որն է լավ, որը վատը: Օգնել է պետք նրանց երբեմն ոչ անձնական զգացմունքներ ունենալով, իսկ այսօր ամեն ինչ շատ անձնական է դարձել: Հակամարդկային միտումները որոշակի են դարձել մեր հասարակության մեջ:
-Ի՞նչ դերակատարում է կարող է ունենալ մշակույթը հակամարդկային միտումները մեղմացնելու գործում:
-Շատ կարևոր խնդիրներ ունի արվեստը. դարեր շարունակ օգնել է մեր ժողովրդին ավելի ճիշտ ճանապարհով գնալ, ավելի լայն սիրտ ունենալ: Որ մտնում եմ Մատենադարան, երկար կագնում ու նայում եմ «Մշո ճառընտիրը», հիացմունք եմ ապրում. մարդիկ կիսել են, որպեսզի կարողանան փրկել: Այդ կորուստները չպետք է ունենանք: Ողջ հասարակությունը չի կարող լավը լինել, բայց այդ փայլատակումները պետք է լինեն, որպեսզի օգնեն հասարակությանը: Այսօր շատ գավառական մտածողությամբ ենք ապրում: Սա ցավալի է, որովհետև երիտասարդներ են աճում այդ մթնոլորտում:
-Ինչպիսի՞ մտահոգություններ ունեք:
-Վաղվա օրն է ինձ անհանգստացնում և հատկապես երիտասարդների վիճակը, հասկացողությունները, որ կարողանան իրենց տեղը գրավել կյանքում: Դա շատ կարևոր է:
-Հայ արվեստում այսօր ո՞ր ոճն է դոմինանտ:
-Բոլորը հավասար վիճակի մեջ են: Ճարտապետությունից, իհարկե, դժգոհություն կա: Գրականությունից էլ, թեև կան տաղանդավոր գրողներ, բայց չեն տալիս այն սնունդը, որ անհրաժեշտ է, նաև կարդալն է պակասել է: Ցանկալի է, որ երաժշտարվեստն էլ ունենա այն արժեքները, որոնք եղել են սովետական դժվարին տարիներին:
Նախորդիվ`
Երիտասարդ ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը մտահոգ է… «Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին»
Դերասան Տիգրան Ներսիսյան. Բառեր կան, որոնք մեր իրականությունից դուրս են եկել… պարկեշտ… ծիծաղեցիք չէ՞
Արվեստագետ Ռուբեն Բաբայան. Մարդը գնալով դառնում է ավելի միայնակ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին