Աշտարակի խճուղու փոսերի տերը չի գտնվում. Դրանք լցնելու փոխարեն Ջումշուդիչն ու քաղաքապետարանն իրար են մեղադրում
«Ես էդ փոսերի տեղը իմ երեխեքի անուններից լավ գիտեմ»,-Panorama.am-ի հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ «Հայավտոճան»-ի տնօրեն Հենրիկ Քոչինյանը, անդրադառնալով Աշտարակի խճուղու վրա առկա փոսերին ու դրանցից մեկի պատճառով երեկ գիշեր տեղի ունեցած վթարին:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով կոտրվել էին BMW մակնիշի մեքենայի մի քանի մասեր, բացվել էին անվտանգության բարձիկները, վարորդը ստացել էր մարմնական վնասվածքներ:
Տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնյան հայտարարեց, որ խճուղու վիճակի վերաբերյալ իրենք պատասխանատու են սկսած 14 կմ-ից` Պաշտպանության նախարարության նախկին շենքից սկսած:
«Մինչև նախկին պաշտպանության նախարարության շենքը Երևանի քաղաքապետարանի գործն է: Դիմեք քաղաքապետարան, մեր շահագործման հատվածում ոչ մի փոս չկա»,-ասաց Հենրիկ Ջումշուդիչը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ընդունում է, որ այդ ճանապարհին` «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ մի փոս կա, «Երևանջուր»-ը Եղվարդի համար ջուր է քաշում, սակայն փոսի մոտ նշան կա դրված:
Ա. Գևորգյանի խոսքով, «Ֆլեշ» բենզալցակայանից այն կողմ` դեպի Աշտարակ Երևանի քաղաքապետարանը գործ չունի:
«Ֆլեշից այն կողմ մերը չի»,-ասացին քաղաքապետարանից, սրտնեղելով, որ նախարարությունից փորձում են ամեն ինչ գցել քաղաքապետարանի վրա:
Փաստորեն համադրելով երկու պաշտոնյանների խոսքը, ստացվում է, որ ճանապարհի փոսառատ հատվածի համար ոչ ոք չի ցանկանում պատասխանատվություն վերցնել:
Panorama.am-ը երեկ եղավ դեպքի վայրում: Մինչև «Ֆլեշ» բենզալցակայան ու դրանից էլ մի քանի մետր այն կողմ, ճանապարհին փոսեր չկան, հետո են սկսում, ճանապարհի հենց մեջտեղում մեծ-մեծ փոսեր են: Փոսերից մի քիչ այն կողմ տեղադրված է ցուցանակ, որից տեղեկանում ենք, որ ճանապարհը սպասարկում է «ԱՃՄ» ՍՊԸ-ն` հեռախոսահամարն էլ Արագածոտնի մարզի կոդով` 0231 6-46-02:
Ընկերության պահակն իմանալով, որ լրագրողի հետ է խոսում, անմիջապես, առանց հարցի, արձագանքեց, փոսերը մերը չեն, «դա Երևանին է, մերը փոս չկա, լրիվ մաքուր է»: Հետո էլ ավելացրեց, որ ինքը մեզ ոչինչ չի կարող ասել, ու շաբաթ օր է, ոչ ոք աշխատանքի չի եկել:
Հենրիկ Քոչինյանն ասում է, որ փոսն ընկած վարորդը կարող է դիմել դատարան ու անմիջապես հիշեցնում սպասվող դժվարությունները. «Երբ որ դատարանը հարցը քննելիս լինի, կպարզի նաև, թե ով է այդ ընկերությունը: Եթե ժամանակ ունեն, ցանկություն ունեն»,-ասաց Քոչինայնը:
Ուշագրավ է, երբ պատասխանատուներն ալարում են հստակեցնեն, թե ում տարածքում են փոսերը, իսկ մինչ այդ ալարել են աշխատել, անգործություն ցուցաբերելով քաղաքացիների համար դժվարություններ են ստեղծել, հիմա քաղաքացիներին ուղղորդում են չալարելով դիմել դատարան: Ասենք մի վարորդը դիմեց, փոխհատուցում ստացավ, կամ չստացավ, բա հետո՞… Փոսերի տերն այդպես էլ անհա՞յտ պետք է մնա, իսկ փոսերն էլ տեղում մնա՞ն… Իսկ մեքենաներն էլ նույն կերպ դղրդոցով հայտնվեն փոսերում, ինչպես երեկ մեր այցելության պահին էր…
Ի վերջո չմոռանանք հայտնի ասացվածքի մասին. Ուրիշի համար փոս փորողն ինքն է ընկնում փոսը:
Նախորդող հրապարակում`
Դեռ քանի մեքենա է հայտնվելու ասֆալտապատողի թողած փոսի մեջ. Ո՞ւր է վերահսկող մարմինը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում