Դատավորներին «խելոքացնելու» փո՞րձ. Հայաստանում պատրաստվում են գնահատել դատավորների գործունեությունը
Հայաստանում պատրաստվում են գնահատել դատավորներին. 2012-2016 թվականների դատական և իրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել դատավորների գործունեության գնահատման օբյեկտիվ չափանիշներ, իրականացնել դատավորների գործունեության գնահատման համակարգի ծրագրային և տեխնիկական ապահովում և առանձին դատարաններում փորձարկել դատավորների գործունեության գնահատման համակարգն ու վերացնել ծրագրային թերությունները:
2012-2016 թվականների ռազմավարական նույն ծրագիրը մանրամասնում է, որ դատավորների գործունեության գնահատման համակարգի ներդրման անհրաժեշտությունը սահմանված է բազմաթիվ միջազգային փաստաթղթերով, և դատավորների գործունեության գնահատումը կարևոր է դատավորների ինքնավերլուծությունը խթանելու, դատավորների աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիները մատնանշելու և առաջխաղացման համար լավագույն թեկնածուների ընտրությանն աջակցելու համար: «Ավելին, այն կարևոր խթան է ժողովրդավարական հասարակություններում դատական իշխանության նկատմամբ վստահության բարձրացման համար: Դատավորների գործունեության գնահատումը պետք է իրականացվի օբյեկտիվ չափանիշների հիման վրա՝ նրանց արտաքին և ներքին անկախության լիակատար պահպանմամբ», -ձևակերպված է ռազմավարական ծրագրում:
Ռազմավարական ծրագիրը նաև նշում է, որ դատավորների գործունեության գնահատման չափանիշների վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա անհրաժեշտ է մշակել դատավորների գործունեության գնահատման համակարգ: Միևնույն ժամանակ, ըստ նույն փաստաթղթի, դատավորների գործունեության գնահատումը չպետք է հիմնվի դատավորի կողմից կայացվող ակտերի բեկանման ցուցանիշների վրա, իսկ բեկանումներն ինքնին չպետք է հանգեցնեն դատավորի մասնագիտական որակների վերաբերյալ եզրահանգման, բացառությամբ այն դեպքերի, երբ գնահատումից ակնհայտ է, որ դատավորը օրենքի սխալ կիրառման է հանգել իր քննած գործերի մեծ մասում:
«Հայաստանում առ այսօր չկան օրենսդրորեն նախատեսված մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս գնահատել, թե տվյալ տարվա ընթացքում որքանով է արդյունավետ եղել դատավորի գործունեությունը», -ասում է Արդարադատության նախարարի խորհրդական Նորա Սարգսյանը։ Այս գնահատումը, ըստ նախարարության ներկայացուցչի, ներքին օգտագործման գործիք է դատական իշխանության համար` պարզելու, հասկանալու իր կադրերի որակը:
Դատավորների գործունեության գնահատման և առաջխաղացման մասին նախագիծը արդեն ներկայացվել է շահագրգիռ մարմիններին, մնում է նրանք հայտնեն դրա վերաբերյալ իրենց կարծիքը, որից հետո այն կներկայացվի խորհրդարան` ընդունման:
Շահագրգիռ մարմիններից մեկը` Հայաստանի դատական դեպարտամենտը միանշանակ չի ընդունել նախագիծը և պատրաստվում է իր դիտողությունները ներկայացնող գրություն ուղարկել Արդարադատության նախարարություն: Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանի կարծիքով, նախագծում կան վիճահարույց դրույթներ, որոնք հարվածի տակ են դնելու դատական իշխանության անկախությունը: «Օրինակ, ըստ նախագծի, փաստաբանական համայնքը կարող է գնահատել դատավորին ու դրա արդյունքում կարող է առաջանալ դատավորի լիազորությունները կասեցնելու հարց: Դատավորին գնահատողներ են լինելու նաև կողմերը: Վտանգ եմ տեսնում այն առումով, որ նախագիծը կարող է առաջացնել որոշակի սուբյեկտիվություն, և փաստաբանները միավորվելով կարող են դատավորի վրա ազդեցություն ունենալ ու այդ գործիքով կարող են ճնշել դատավորներին: Այս կերպ, ես կարծում եմ, արժեքներ են կորում», -նշում է Արսեն Բաբայանը:
Դեպարտամենտի ներկայացուցչի պնդմամբ, դատավորը հաշվետու չէ որևէ մեկին, չունի վերադաս, անկախ է, ենթարկվում է բացառապես օրենքներին, բայց ժողովրդավարության պայմաններում, ինչպես բոլոր պաշտոնյաները, հաշվետու է հանրությանը: Դատական դեպարտամենտում հույս ունեն, որ նախագիծն այդ տեսքով չի ընդունվի, և քննարկումների արդյունքում այն փոփոխության կենթարկվի:
Նախագծին ծանոթ չէ Հայաստանի Փաստաբանների պալատի փաստաբանների խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը, բայց ընդհանուր գաղափարը ողջունելի է համարում: «Մոտեցումը, գաղափարը լավն է դրական արդյունք հաստատ կտա», -սահմանափակվում է փաստաբան Մեժլումյանը:
Նախագծի մասին չի լսել նաև դատարանների հետ բազմիցս գործ ունեցող, Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և կառավարության նորմատիվ ակտերի խախտում է համարում այն, որ Արդարադատության նախարարությունը փաստաթուղթը քննարկման չի դրել: Իսկ ինչ վերաբերում է նախագծին, ապա Սաքունցը դրա արդյունավետության հետ հույսեր չի կապում, նա ուրիշ մտահոգություններ ունի: Նա կարծում է, որ դատավորների գնահատման ու առաջխաղացման մասին ծրագիրը 10-րդական նշանակություն ունի և եթե նույնիսկ դա որպես փաստաթուղթ ընդունվի, ապա չի կարող նշանակություն ունենալ դատական իշխանության անկախության, հետևաբար նաև արդյունավետության վրա:
«Շան գլուխը բոլորովին այլ տեղ է թաքնված, -ասում է Սաքունցը և պնդում,- պետք է վերացնել դատական իշխանության կախվածությունը նախագահական նստավայրից»:
«Դատավորների ու դատական իշխանության կախվածությունը նախագահական նստավայրից ի սկզբանե, ամրագրված է օրենսդրության մեջ, որի փոփոխության ուղղությամբ որևիցե առաջարկ մենք չենք տեսնում: Հիմա այս պարագայում ի՞նչ ես գնահատում, գնահատում ես, որ ի՞նչ անես», -նշում է իրավապաշտպանը` վկայակոչելով կարգը, որի դեպքում դատավորների թեկնածուները մասնակցում են համապատասխան մրցույթին, քննություն տալիս, ընդգրկվում դատավորների պիտանիության ցուցակում, որն էլ Արդարադատության խորհուրդը ներկայացնում է նախագահին: Հայաստանի նախագահն էլ այդ ցուցակից ընտրում է դատավոր թափուր տեղի համար, իսկ չընտրված թեկնածուն դուրս է մնում պիտանիության ցուցակից:
Ռազմավարական ծրագրի շրջանակներում ներկայացվող այս նախագիծը Սաքունցը դատավորներին «խելոքացնելու» գործիք է համարում և առաջարկում է օրենսդրությունը փոխել ու դատավորների նշանակումը լիազորել Արդարադատության խորհրդին:
Իրավապաշտպանի ղեկավարած կազմակերպությունը մոնիտորինգի տակ է պահելու 2012-2016 թթ իրավական ու դատական ոլորտների բարեփոխումների ռազմավարական ծրագրի միջոցառումների իրականացման ընթացքը և այս պահին, թեպետ միջոցառումների իրականացումը նոր է սկսվել, նրանք եզրակացնում են. «Դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը, եթե դա նույնիսկ իրականացվի, չի կարող ապահովել, որպեսզի մեր դատական իշխանությունը լինի անկախ»: