«Հեշտ ձևն ենք ընտրում` գրատախտակ, կավիճ ». Բազմակազմ դասարաններում ուսուցման մեթոդների խնդիր կա
Հայաստանի գյուղերից շատերն այսօր դատարկված են և այդ գյուղերի դպրոցներն այնքան քիչ աշակերտներ են ունենում, որ ստիպված կոմպլեկտավորում են դասարանները: Մի շարք տնօրեններ և ուսուցիչներ էլ դժգոհում են այս եղանակից` պատճառաբանելով, թե մեկ դասասենյակում միանգամից երեք դասարանի երեխանի նյութ մատուցել և սովորեցնելը հեշտ բան չէ, ու շատ դժվար է լավ արդյունքների հասնել:
«Յուրաքանչյուր երեխա հանճար է»
Դպրոցների մեծամասնությունը կիրառում է դասաժամը հավասար մասերի բաժանելու և գրատախտակի մոտ տարբեր դասարանների աշակերտներին հերթով նյութը մատուցելու տարբերակը: Սակայն հայտնի է, որ ցանկացած ուսուցիչ կարող է դասն անցկացնել այն մեթոդով, որը գտնում է, որ մեծ արդյունքներ կարող է տալ:
Անկախ նրանից դասարանը բազմակազմ է, թե` ոչ, երեսուն աշակերտ ունի, թե երեք, ամեն երեխա ունի յուրացնելու իր տեմպը, ասում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը և մեջբերում Էնշտեյնին. «Յուրաքանչյուր երեխա հանճար է, բայց եթե դուք պիտի ձկանը դատեք ծառ բարձրանալու հնարավորությամբ, ապա նա իր ամբողջ կյանքը կապրի` հավատալով իր հիմարությանը: Սա ասում է այն մասին, որ ամեն մի երեխա, իսկապես մի տիեզերք է»:
«Այս գործընթացը բարդ չի, գլուխներն է պինդ»
Անահիտ Բախշյանը ցույց է տալիս մի նկար, որում դասարան է պատկերված, նստած են կապիկը, փիղը, պինգվինը, ձուկը և այլն: «Ուսուցիչն ասում է` որպեսզի գնահատումը մաքսիմալ արդար լինի… արդար է՜, հանձնարարությունը բոլորի համար մեկն է` բարձրանալ ծառի գագաթը: Հիմա այստեղից քանիսը կբարձրանա՞, կապիկը միայն, իսկ մնացածին կասեն` հիմար: Մեր տնօերնները այս պարզ բանը չգիտեն»,- ասում է նա:
Հանրակրթության մասին օրենքը հնարավորություն է տալիս, որ ուսուցիչն ընտրի ուսուցման մեթոդը, ծրագիրը. «Այս գործընթացը բարդ չի, գլուխներն է պինդ»:
Նրա խոսքով` շատ լավ մեթոդ է ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակը, երբ աշակերտը սովորեցնում է աշակերտին. «Օրինակ, Երևանի թիվ 118 ավագ դպրոցում այս մեթոդով են աշխատում և երեխաները շատ գոհ են: Մի պահ իրենք աշակերտ են, մի պահ ուսուցիչ»:
Հարցին` իսկ եթե չգիտեն այդ ծրագրի մասին, ասենք, ինչ-որ հեռավոր գյուղում իրենց իմացած մեթոդով են անցկացնում դասը, ինչպես իմանան, որ ուրիշ մեթոդ էլ կա, Անահիտ Բախշյանը պատասխանում է. «Դա էլ մեր թերությունն է: Դրանում էլ մենք ենք մեղավոր»:
«Երեխան պիտի տեսնի` ինչպես է ուսուցիչը սովորում»
Անահիտ Բախշյանը կարծում է, որ խնդիրը միակողմանի չէ, մեդալը մյուս կողմն էլ ունի. «Պիտի վերևից գա, բայց ներքևից էլ պիտի լինի պահանջը, այսօր մեր բազմակազմ դպրոցների տնօրենները պիտի մեզ հանգիստ չթողներին, գային, ասեին` եկեք մեզ մոտ, մի քանիսին վերապատրաստեք: Մենք հեշտ ձևն ենք ընտրում` գրատախտակ, կավիճ, անկախ նրանից իրեն տարբեր դասարաններից վեց հոգի է լսում, մի դասարանից երեսուն հոգի, ուսուցիչը նույն ձև է պարապում: Տեսեք աբսուրդը որտեղ է, նա, ում դասարանում երեք- չորս հոգի է նստած ամեն մի դասարանից, բողոքում է, բողոքում է նաև նա, ում դասարանում 30 հոգի է նստած, ասում են որակ չեմ կարողանում տալ: Այս ո՞ր դարն է, որ մենք այսպիսի փնտրտուքի մեջ ենք, Անգլիան վաղուց այս մեթոդով աշխատում է, յուրաքանչյուր երեխայի համար անհատական ուսուցման պլան է գրում: Հայաստանն էլ բավական առաջադեմ քայլեր է արել: Համընդհանուր ներառման մասին կետ են ցանկանում մտցնել օրենքում, որը սահմանում է, որ նույն դասարանում կան տարբեր կրթական կարիքներ ունեցող երեխաներ, և նրանց համար կրթության առանձնահատուկ պայմաններ պետք է ստեղծեն»:
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի բնորոշմամբ` քանի դեռ ուսուցիչը սովորող չէ, չի կարող սովորեցնել. «Նա պետք է նստի և երեխայի հետ սովորի, երեխան պիտի տեսնի` ինչպես է ուսուցիչը սովորում: Ուսուցիչը պիտի սովորելու օրինակը լինի: Մեր ժամանակ ասում էին, որ ուսուցչի և աշակերտի տարբերությունն այն է, որ ուսուցիչը մեկ օր շուտ է սովորում, բայց հիմա պետք է ամեն վայրկյան սովորի, դասի 45 րոպեի ընթացքում էլ: Եթե այսպես մնան, մեր երեխաների հետևից չեն հասնի, երեխան այսօր թավալ է գալիս համակարգչի մեջ, ամեն բան գիտի, իսկ ուսուցիչը այդ համկարգիչը միացնել էլ չգիտի»:
Հ.Գ
Այնուամենայնիվ, Կրթության ազգային ինստիտուտն այն կառույցն է, որ կարող է իր պարտականությունների շրջանակներում ներկայացնել և շրջանառության մեջ դնել բազմաթիվ մեթոդներ: Այն, որ այս պահին հեռավոր գյուղերում դասերը, մեղմ ասած, լավ արդունք չեն տալիս, փաստ է, և դա խոստովանում են և‘ տնօրենները, և‘ ուսուցիչները:Սայլը հարկավոր է տեղից շարժել, ամեն մեկն իր իրավասությունների և լիազորությունների շրջանակներում պետք է ջանք չխնայի կրթական պրոցեսը արդյունավետ դարձնելու համար: Որակյալ կրթություն տալը դպրոցի պարտականությունն է՝ անկախ նրանից, այդ դպրոցը Երևանի կենտրոնում է, թե սահմանին կպած գյուղում, անկախ նրանից դասարանում երեք, թե երեսուն աշակերտ է նստած:
Նյութեր թեմայով՝
Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա
Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը
Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում
Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցը մի դասարանացու աշակերտներ ունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան