Իրանի սահմանը փակելու Ադրբեջանի նպատակը տարածաշրջանը ապակայունացնելն է. Իրանագետ
Իրանի և Ադրբեջանի սահմանում օրերս տեղի է ունեցել հերթական միջադեպը: Ադրբեջանական ԶԼՄ-ների պնդմամբ՝ իրանական կողմից կրակ են արձակել սահմանային Փոլդաշթ բնակավայրում աշխատող մի տրակտորի ուղղությամբ: Այդ միջադեպից հետո Ադրբեջանը փակեց Փոլդաշտ-Շահ Թախթի անցակետը, ինչին հետևեց Իրանի կտրուկ արձագանքը. երկու օր անց պատասխան քայլով Իրանն էլ փակեց Բիլեսավարի և Ջոլֆայի անցակետերը:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն ստանալու նպատակով Panorama.am-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:
«Շուրջ երեք տարի է, ինչ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են լարված և փոխվստահության բացակայության մթնոլորտում: Այնպիսի խնդիրների առկայության պարագայում, ինչպիսին Ադրբեջանի կողմից թյուրքալեզու իրանցիների խնդիրները շահարկելը, Իրանի հյուսիսային նահանգների նկատմամբ հավակնություններ ցուցաբերելը, Իրանի մշակութային ժառանգությունը սեփականացնելը, Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը, Իսրայել-Ադրբեջան ռազմավարական հարաբերությունները, սահմանային զինված բախումներն են, պարզապես այդ երկու երկրների միջև առկա լարված հարաբերություններում առաջիկայում դժվար թե բարելավում նկատվի»,-անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի լարված հարաբերությունների պատճառներին, նշեց փորձագետը:
Շարունակելով թեման` Իսրայելյանը հավելեց. «Հասան Ռոհանին, երբ եկավ իշխանության, հայտարարեց, որ Իրանը բոլոր հարևանների, այդ թվում` Ադրբեջանի հետ փորձելու է կառուցել բարիդրացիական հարաբերություններ, սակայն վերջինիս կողմից արժանացավ միանգամայն այլ վերաբերմունքի:
Ակնհայտ է, որ Իրան-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցած դրական զարգացումները նպաստեցին տարածաշրջանում Իրանի դերի բարձրացմանը: Բնականաբար Թուրքիան և Ադրբեջանը պետք է խանդով վերաբերվեին այդ հանգամանքին, որոնց դրական զարգացման դեպքում տարածաշրջանում Անկարայի դերը կնվազի, իսկ Ադրբեջանը Իսրայելի մոտ կկորցնի իր երբեմնի կարևորությունը»:
Իրանագետը նշեց, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ ցամաքային կապ է հաստատում Իրանի տարածքով: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այն հայտնվել էր հումանիտար աղետի շեմին: Իրանը, Նախիջևանի հետ ունենալով շուրջ 143 կիլոմետրանոց սահման, արցախյան պատերազմի տարիներին ռազմավարական կարևոր դեր է ունեցել Նախիջևանի քաղաքական և տնտեսական ոլորտում՝ ապահովելով վառելիքի, սննդի և այլ անհրաժեշտ ապրանքների առաքումն այդ շրջան:
Այն հարցին, թե ինչու՞ Բաքուն գնաց սահմանը փակելու նման ռիսկային քայլին, Իսրայելյանը պատասխանեց. «Կարծում եմ Ադրբեջանը այդ քայլով փորձում է ապակայունացնել տարածաշրջանը` նպատակ ունենալով խափանել Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը միանշանակ չի բխում իր և իր ռազմավարական դաշնակից Իսրայելի շահերից: Անշուշտ Ադրբեջանի այդ քայլը խրախուսվում է ինչպես Իսրայելի, այնպես էլ Թուրքիայի կողմից. վերջինս Սիրիայի հարցում արձանագրած ձախողումից հետո, իր ուժերը փորձում է տարածաշրջանի այդ հատվածում: Թուրք-ադրբեջանական դաշինքը նպատակ ունի Նախիջևանի կախվածությունը հնարավորինս նվազեցնել Իրանից. այդ նպատակով էլ Ադրբեջանը և Թուրքիան միմյանց հետ իրականացնում են խոշորամասշտաբ էներգետիկ և տնտեսական ծրագրեր` ամեն կերպ փորձելով չեզոքացնել Իրանի ազդեցությունը»:
Շարունակելով միտքը` Իսրայելյանը հավելեց. «Այս ենթատեքստում Ադրբեջանը փորձում հնարավորինս խուսափել Իրանի հետ համագործակցությունից. հենց այդ նպատակով էլ Բաքուն վերջերս չեղյալ հայտարարեց հեշտացրած կարգով երկու երկրների քաղաքացիների տեղաշարժի մասին համաձայնագիրը, Բաքվում ԻԻՀ դեսպանի խոսքով` Ադրբեջանը հրաժարվում է նաև Իրանի հետ համագործակցել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում, արդեն երկար ժամանակ է, ինչ մերժում է սահմանային հատվածում փոքր շուկաներ հիմնելու Իրանի առաջարկը: Այստեղ արժե հիշատակել այն փաստը, որ Իրանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության ծավալները վերջին տարիներին նվազել են. 539 միլիոնից հասնելով 263 մլն դոլարի»:
«Վերլուծելով Իրան-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները՝ կարող ենք փաստել, որ դրանք կրկին վերադառնում են «ահմադինեժադյան» կարգավիճակին: Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաք Այինի հայտարարություններում ևս փոփոխություն է նկատվում. եթե մինչ այդ նա փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի առկա խնդիրները չխորանան, ապա վերջին օրերին նրա արած հայտարարությունները վկայում են, որ պաշտոնական Թեհրանի դիրքորոշման մեջ փոփոխություններ են տեղի ունեցել և այսուհետ Ադրբեջանի նմանատիպ քայլերը Թեհրանի կողմից կստատան համարժեք պատասխան»:
Թեմայի առնչությամբ հեղինակի այլ մեկնաբանություններ՝
Իրանագետ. Ադրբեջանը «մշակութային պատերազմ» է հայտարարել Իրանին
Միջազգային կառույցները պետք է կանխեն հարևան ազգերի մշակույթը յուրացնելուն ուղղված Ադրբեջանի քայլերը. Իրանագետ
Իրան-Ադրբեջան հարաբերությունների հեռանկարը. Ի՞նչ մտահոգություն ունի ԻԻՀ Մեջլիսի Հետազոտությունների կենտրոնը
Իրանագետ. Ադրբեջանը և՛ Արևմուտքի և՛ իսլամական երկրների հանդեպ վարում է երկակի արտաքին քաղաքականություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան