ՊՆախարարը՝ հայ ռազմագերու, սահմանին լարվածության և հայկական կողմի պատասխանի մասին
«Ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին հետ վերադարձնելու համար ամեն ինչ արվում է»,- վստահեցնում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Ցավոք, պետական կապի բացակայությունը թույլ չի տալիս, որ արագ և անվտանգ իրականացնենք դա»,- այսօր իր տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց նախարարը՝ պատասխանելով հարցին` արդյո՞ք սահմանին վերջին օրերի լարվածությունը կարող է ազդել հայ ռազմագերու ճակատագրի վրա:
«Լարվածություն մեր սահամաններում և շփման գծում տեղի է ունենում որոշակի իրադարձությունների շրջանակներում, քաղաքական բանակացային հանդիպումների ընթացքում: Սա նաև կախված է հունվարին Ադրբեջանում, այսպես ասած, «սև հունվարի» գոյության հետ: Իրենք չեն հասկանում, որ այդ հունվարյան օրերին ցեղասպանություն է իրականացվել հենց հայ ժողովրդի նկատմամբ: Նրանք այդ օրերին սադրանքներ են փորձում իրականացնել: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը արժանի հակահարվածից, մեծ կորուստներից հետո, նաև մտահոգություն ունենալով, որ մենք կարող ենք պատժիչ գործողություններ իրականացնել նրանց մոտ, լարվածություն է տիրում՝ դա արտահայտվում է անկանոն կրակոցներով»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նա ընդգծեց, որ հայկական կողմը չի պատասխանում անկանոն կրակոցներին:
Ինչ վերաբերում է վերջին օրերին հյուսիս-արևելյան, Տավուշի հատվածում սահմանային լարվածությանը, նախարարը նշեց, որ կրակոցներն այդ հատվածում նորություն չեն, իսկ իրադրությունը վերահսկելի է:
«Առաջին անգամը չէ, որ կրակոցները շատանում են, դրանց մեծը մասը անկանոն են: Ասեմ, որ շատ դեպքերում մենք էլ ենք ստիպված լինում ազդել իրենց քաղաքացիական անձանց վրա՝ այդպիսով ազդելով ու ստիպելով լռել իրենց զինվորականներին: Մենք պետք է պատրաստ լինենք, քանի դեռ խաղաղության պայմանագիրը կնքված չէ` կրակոցներ լինելու են: Ու դրանց տրվելու է համարժեք պատասխան»:
Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ լարվածությունը գագաթնակետին չի հասել.
«Մենք միշտ պարտադրողի դերում ենք առաջնագծում, անհրաժեշտության դեպքում նաև պատժողի: Պատասխանը մեր կողմից միշտ համարժեք է, դեռ ավելին»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները