Պատերազմի հավանականությունը փոքր է. Փորձագետներ
Վերջին 5 օրերի ընթացքում, հայադրբեջանական սահմանի և ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում, ադրբեջանական կողմի ակտիվությունը, ինչն արտահայտվում է հատկապես դիվերսիոն խմբերի ու դիպուկահարների աննախադեպ ակտիվ գործողություններով, բավականին սրել է իրավիճակը: Հերթական անգամ, հասարակության շրջանում ակտիվացել է պատերազմի վերսկսման մասին մտահոգությունները:
Panorama.amի հետ զրույցում, ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը նշեց, որ ռազմական գործողոթյունների վերսկսումն այս իրավիճակում անհնար է համարում:
«Որպես կանոն պատերազմ սկսելուց առաջ, հարձակման նախապատրաստվող կողմը անպայման փորձում է օգտվել հանկարծակիության գործոնից ու նման դեպքերում, պատերազմական գործողությունների վերսկսմանը նախորդում է խաղաղ շրջան: Այս դեպքում հանկարծակիության գործոնը «չի աշխատել», իսկ հայկական կողմը բավականին երկար ժամանակ ուներ վերլուծելու ու հաշվարկելու հակառակորդի քայլերը»,- նշեց նա:
Նա նշեց, որ լարվածության առկայությունը ձեռնտու է Ադրբեջանին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում, նաև ադրբեջանցիներ են սպանվում կամ վիրավորվում, իսկ այդքան զոհ ու վիրավորն Ադրբեջանում չեն կարող քողարկել, ապա սպասելի է, որ այս լարված իրավիճակը երկար չի պահպանվի:
Նույն թեմայի առնչությամբ, ռազմական փորձագետ Դավիթ Սոֆիյանը նշեց, որ քիչ հավանական է համարում պատերազմական գործողությունների վերսկսումը:
«Նախ պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանի բանակն իր կազմակերպվածությամբ, կարգապահությամբ, մարտական պատրաստվածությամբ պատրաստ չէ պատերազմի: Պատերազմի վերսկսման դեպքում, նախնական փուլում երկու կողմերն էլ մեծ կորուստներ կունենան, սակայն նոր պատերազմի դեպքում Ադրբեջանի կորուստներ կործանարար կլինեն», -նշեց Դ. Սոֆիյանը:
Հարցին, թե Ադրբեջանն արդեն մեծ սպառազինության և ռազմական տեխնիկայի է տիրապետում, ռազմական փորձագետը նշեց, որ դրա առկայությունը կարևոր է, բայց ոչ որոշիչ:
«Մեկ կարևոր հանգամանք ևս պետք է հաշվի առնել. պատերազմը մեծ վնասներ կհասցնի Ալիևի բիզնես շահերին, իր երկրի հիմնական եկամուտ ապահովող էներգետիկ համակարգը փլուզվելու լուրջ խնդրի առաջ կկանգնի: Ալիևի ինչին է՞ պետք պատերազմը, նա Ղարաբաղի հարցն ուղղակի օգտագործում է` իշխանության ղեկին մնալու նպատակով», -հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները