Ապրել օտար հողում և Հայաստանը մեջդ ապրեցնել. Սիրիահայ ընտանիքի վերջին հանգրվանը
«Հայաստանում ես ինձ շատ լավ եմ զգում, լրիվ ուրիշ զգացողություններ են: Թռչունները հայերեն են խոսում, ծառերը հայերեն են խոսում: Մի բան կա, որ ձգում է քեզ, օտարություն չես զգում: Ես օտար չեմ զգացել ինձ այստեղ երբեք, որովհետև սա իմ հայրենիքն է»:
Սիրիահայ Կարո Բազոյանն է: Մեկ տարուց ավելի է նրա ընտանիքը Հայաստանում է ապրում:
Կարոն լավատես է, հետևում շատ բան են թողել` տուն սեփական հողում, հետո կոտորած ու գաղթ, զրոյից սկսած կյանք, օտարը հարազատ դարձրած երկիր ու մի ամբողջ կյանք. «Կյանքն ապրելու համար պիտի լավատես լինես: Ես հույս ունեմ, որ այս շրջանը կվերջանա: Իմ ծնողները գաղթել են, իրենց տունն են թողել: Իմ զավակները գոնե պիտի հայրենիքի այս հատվածում ապրեն»:
Ընտանիքը որոշում է հեռանալ Սիրիայից ու գալ հայրենիք 2012-ի դեկտեմբերին:
«Մենք ուրիշ տեղ չգնացինք: Դա ամենաճիշտ որոշումն էր»,- ասում է ընտանիքի հայրը:
Հալեպում Կարո Բազոյանը երեխաների հագուստի արտադրությամբ էր զբաղվում. ««Բիբերոն» ընկերությունը Սիրիայում իմն է: Արտադրամաս և վաճառատուն ունենք: Այս իրավիճակի պատճառով փակեցինք ամեն ինչը, մեր տունը, գործն ու Երևանում ենք: Սկզբում ուզում էի այդ գործը շարունակել, բայց շատ բաներ է պահանջում, որոշեցի սկսել սննունդի գործ»:
Տերյան փողոցի վրա հալեպյան արագ սնունդ են պատրաստում և վաճառում. «Սիրիահայերից շատերն են այս գործին, լավ գործ է և հույս ունեմ, որ լավ կլինի: Նոր ենք սկսել: Ֆալաֆել ենք պատրաստում, հալեպյան շատ հայտնի սնունդ է: Ունենք Մեքսիկանո` հավի դոշով ու համենունքներով, այնտեղ շատ են պատրաստում: Ունենք Ղավուրմա, հայկական սուջուխ` հալեպյան ձևով: Մեզ մոտ կա ըմպելիք կաթնային` սահլիբ, այն տաք են խմում: Այնտեղ շատ ընդունված էր, հիմա տեղացիներն էլ են շատ սիրում: Մտածում ենք մի քանի բուսական սննդատեսակներ ավելացնել բուսակերների համար»:
Կարո Բազոյանը 50 տարեկան մարդ է, ով Սիրիայում իր կյանքն ուներ. «Կարոտում եմ դա: Հայաստանը մեզ համար մեծ արժեք էր, մեր մեջ էր ապրում: Բայց Սիրիան էլ մեր ծննդավայրն է: Օտար հողի վրա ենք ծնվել, դա ուրիշ զգացողություն է, ապրել օտար հողում ու Հայաստանը մեջդ ապրեցնել: Մինչ այսօր ամեն ինչս թողել եկել եմ, կարոտում եմ իմ այնտեղի ամեն ինչը»:
Սիրիացիները մեծ բաներ չեն բերել իրենց հետ, շատերը մի որոշ շրջանի համար են եկել` մտածելով, որ հետ կդառնան: Մի մասը չի համակերպվել, բայց Կարո Բազոյանն այդ հատվածից չէ. «Ուզեցինք մի բան հիմնել, որ մեր կյանքը շարունակենք: Այստեղ հիմնվեցինք: Եթե որևէ պատի վրա, այդ դեպքում մեր հայրենիքում մի մեխ ենք մխել, չպիտի գնանք: Զավակներս, տիկինս շատ են սիրում Հայաստանը: Մի քիչ կարգավորվի, գնամ այնտեղ ինչ ունեմ վաճառեմ, գամ, ընտանիքիս հետ ապրեմ իմ երկրում»:
Նրա բնորոշմամբ, մարդը պիտի ջանա, մի բան անի, միայն սպասելով չի լինի:
«Այստեղի հայերն էլ շատ շքեղ կյանք չունեն: Խելացի պիտի լինես: Եթե դու ուրիշ երկիր ես գնացել, միևնույնն է մի բան պիտի անես»,- ասում է նա:
Ըստ Կարո Բազոյանի, ճիշտ չէ նստել ու սպասել, որ Սիրիայի կյանքը կարգավորվի. «Բա ո՞ր չդզվեց: Եթե կարգավորվի էլ, միևնույնն է առաջվանը չի լինի»:
Սիրիահայը կարծում է, որ պետք է դրականը փնտրել ու տեսնել, այլապես ոչինչ չի ստացվի. « Դու ինչ ունես մեջդ, եթե լավ բաներով ես սնվել, լավը կտեսնես: Հոյակապ հարևաններ ունեմ, հոյակապ մարդկանց հետ եմ շփվել, բոլորը լավն են: Պետք է բաժակի լեցուն բաժինը տեսնենք, ոչ թե դատարկը: Միշտ լեցունն ավելին է, ընդհանրապես: Մանավանդ, որ ես իմ հայրենիքի մեջ եմ, տարբեր զգացումներով եմ մոտենում այս ամենին: Իհարկե, ամեն մարդ իր ձևն ունի դիտելու: Տարբեր աշխարհ, տերբեր կյանք: Բայց չպետք է դժգոհել: Այս պետությունը քսան տարեկան է ընդամենը: Օգնում է իր կարողությունների չափով: Մեր` սիրիահայերի դեպքում շատ արագ կողմնորոշվեցին, մեր շատ խնդիրներ լուծեցին»:
Սիրիահայերի մասին շարքի նախորդ պատմությունները`
Սիրիայից Արցախ. Հայ երիտասարդը չավարտված պատերազմում իր գործն է գտել
«Հայրս ու մայրս 1915-ի ջարդն են տեսել, մենք էլ այսօր ավելի ճերմակ ջարդ տեսանք»
Հալեպի հայ հարսների օժիտն ասեղնագործող ու ծաղկող կնոջ մասին
Հալեպում թողած պարտությունն ու Հայաստանում գտած հաղթանակը
Ընդհատվող ժամանակագրություն` Հալեպից Երևան
Հալեպահայ մանկաբույժը՝ հայրենիքի, երեխաների ու խորթ չապրելու մասին
Հալեպի տունը պոկել-բերելու և այդպես էլ օտար մնալու մասին
Շուտ մեծացած մանուկներ, գողացված ուրախություն, ապրելու տենչ, հայ ընտանիքը չի լքում Հալեպը
Աշխարհի որ ծայրն էլ գնաս, հետ ես գալու, որովհետև միշտ կարոտելու ես. Հալեպահայ սրտաբան
Պատերազմը սեփական մաշկի վրա զգացած. Հալեպահայը կամավոր աշխատում է փախստականների համար
Տան կարոտը, հայրենիքը չթողնելը, հայ մնալու պարտքն ու Թումանյանի «Անուշը»… Հալեպահայ օպերային երգչուհին
«Գաբոյիս չեմ կարողանում բերել, երեխաս Հալեպում է». Սիրիահայ ընտանիքի երազանքը
Սիրիահայ. Մեր ինքնությունը այստեղ կպահենք, Հայաստանից դուրս ուր էլ գնանք, պիտի ձուլվենք
Սիրիահայ Ժիրայրն Արցախում է արդեն չորս տարի. Սեղան է նստում յոթ զավակով, մեծ տղան էլ զինվոր է
«Տանս վրա երկու անգամ հրթիռ է ընկել, տունս քանդվել է». Հալեպահայ Սոսին Երևանում սենդվիչ է վաճառում
Հալեպահայ. Խիղճ չունեցող մարդու ձեռքին մնացինք, այդքան գեղեցիկ քաղաքն ինչի՞ են վերածել
Սիրիահայ կին. Իսկ տունը, առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա
Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան