Ն.Զոհրաբյան. Կան պերսոնաժներ, որոնց հայտարարություններին ու մեկնաբանություններին ես չեմ անդրադառնում
Ինչո՞վ է զբաղված քառյակն այս օրերին և արդյոք ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի պասիվությունը կտևի մինչև աշուն` առանց ակտիվ քաղաքական դրսևորումների արտահայտման: Արձագանքելով Panorama.am-ի այս հարցին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ քառյակը աշխատանքային գործընթացի մեջ է ու թեև իրենց ներկայացրած 12 կետանոց պահանջներում ձևակերպումներն ու ժամկետները հստակ նշված են, «բայց դա չի նշանակում, որ քառյակն այս ընթացքում պասիվ է լինելու ու առավել ևս չի արձագանքելու հանրային հնչեղություն ունեցող որևէ խնդրի»:
«Այնպես որ քառյակի պասիվության կամ քառյակի վախճանի մասին խոսակցությունները, որոնք ուղորդվում են կոնկրետ մեկ կենտրոնից խիստ նպատակների համար իրականությանը չեն համապատասխանում»,- հավաստիացրեց նա:
Հետաքրքրվեցինք, թե ինչպես է մեկնաբանում ԱՄՆ-ից վերադարձած «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Զարուհի Փոստանջյանի քառյակի գործունեության վերաբերյալ հոռետեսական կանխատեսումներին. «Ես քանիցս ասել եմ և հարկ եմ համարում ևս մեկ անգամ կրկնել. Կան պերսոնաժներ, որոնց հայտարարություններին, մեկնաբանություններին ու տեսակետներին ես չեմ անդրադառնում և առաջիկայում ևս չեմ պատրաստվում անդրադառնալ: Նման շրջանակի մեջ է մտնում նաև նշված տիկինը»:
Ինչ վերաբերում է հուլիսի 18-ին կայանալիք ՕԵԿ հանրահավաքին, Ն.Զոհրաբյանը նշեց, որ քառյակը հանրահավաքին մասնակցելու վերաբերյալ քննարկում չի անցկացրել և կարծիք հայտնեց, թե դժվար քառյակը հատուկ այդ խնդրին անդրադառնա: Ցանկացած քաղաքական ուժ, ըստ նրա, ազատ է իր դիրքորոշումն այս կամ այն հանրային հնչեղության հարցի վերաբերյալ արտահայտելու. «Այո, ՕԵԿ-ի մտահոգությունը տեղին է, որ ուղղակիորեն հիմնավորված չէ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և ՕԵԿ-ը, բնականաբար, իրավունք ունի իր այդ մտահոգությունն արտահայտելու»:
Իսկ հարցին, թե հնարավոր է ԲՀԿ-ն մասնակցի կայանալիք հանրահավաքին արձագանքեց. «Չեմ կարծում, որ մենք նման խնդիր կքննարկենք, բայց եթե կուսակցության այս կամ այն անդամը ցանկություն կունենա ներկա լինել ու լսել, թե ինչ հիմնավորումներ են ներկայացվում հանրահավաքում, ապա նա ազատ է իր այդ գործողության մեջ: Չեմ կարծում, որ այդ հարցի վերաբերյալ կուսակցությունը պետք է հատուկ որոշում կայացնի»:
Ն. Զոհրաբյանը հավելեց նաև, որ քառյակի առաջիկա նիստի ու օրակարգի մասին կտեղեկացվի հավելյալ: