Գյուղացու աշունը. Կարտոֆիլի ռեկորդային ցուցանիշները չեն պահպանվի
Գեղարքունիքի մարզի որոշ տնտեսություններում արդեն մի քանի օր է՝ սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի հրապարակած տվյալներով, բերքահավաքն առայժմ ընթանում է վաղահաս կարտոֆիլի ցանքերում:
Սեպտեմբերի 10-ի դրությամբ արդեն քանդվել է մոտ 1200 հեկտար կարտոֆիլի դաշտ: Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 250-300 ցենտներ: Առայժմ ստացված վաղահաս կարտոֆիլի բերքն իրացվում է ներքին շուկայում, որի կիլոգրամը վաճառվում է մինչև 200 դրամով:
Սեպտեմբերի երրորդ տասնօրյակից սկսած` կարտոֆիլի բերքահավաքը կկրի համատարած բնույթ:
Կանխատեսվում է բարձր բերքատվություն` մեկ հեկտարից մինչեւ 300 ցենտներ ցուցանիշով: Ներքին շուկայի պահանջները բավարարելուց զատ արտադրված պարենային կարտոֆիլի մեծ խմբաքանակների արտահանման համար մարզի ղեկավարության ջանքերով ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մթերող կազմակերպությունների հետ:
Մարզպետարանից վստահեցնում են, արվում է հնարավորը, որպեսզի կարտոֆիլի իրացման համար ստեղծվեն ամենանպաստավոր պայմանները:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը Panorama.am-ի հետ զրույցում ցավով նշեց, որ գարնանը նախատեսած ռեկորդային բերքը չի լինի: Պատճառը, ըստ մասնագետի, բնակլիմայական վատ պայմաններն են ու ոռոգման համակարգի սխալ կառավարումը:
«Անցած տարի ունեինք ռեկորդային բերք, Գեղարքունիքում միջինը մեկ հա-ից ստացվել է 48-50 տոննա, Շիրակում՝ 38-42 տոննա կարտոֆիլ, արտահանվել է 45 հազար տոննա: Այս տարի, իմ հաշվարկներով, 10 տոկոսով քիչ բերք կլինի»,-ասաց Բերբերյանը, ավելացնելով, որ դա շուկայի վրա չի ազդի, Հայաստանում կարտոֆիլի կրիզիս չի լինի, արտահանումը կա ու կլինի, բայց ցածր ցուցանիշներով:
Այս տարի Շիրակում կարտոֆիլի վիճակն այնքան էլ լավ չի, վարակ ու հիվանդություններ կան, միջինը 1 հա-ից ստացվել է 30 տոննա, եթե ոռոգման համակարգը ճիշտ աշխատեր 1 հա-ից 40 տոննա բերք կհավաքեին:
«Երաշտն արհեստական ստեղծվեց, որովհետև ջրամբարները թերի լցվեցին, թերի լցվեցին, որովհետև ջրամբարների վրա հէկ-եր են գործում, թե ով է թույլատրել, սա լուրջ հարց է ու պետք է հայտնաբերել, պատժել: Սակավաջրությունն այս տարի միայն ու միայն ոչ թե տեղումների պակասն էր, այլ ջրամբարների վրա գործող հէկ-երը»,-ասաց նա:
Բերբերյանի խոսքով, քիչ բերքի հետևանքով ֆերմերները չեն տուժի, «անցած տարվա համեմատ այս տարի կարտոֆիլի գինը 5-10%-ով բարձր է:
Բերբերյանը նշեց, որ հայկական կարտոֆիլը դրսում պահանջված է, այն համային հատկանիշներով տարբերվում է մյուս երկրներում աճեցվածներից:
«Մեր տրադիցիոն շուկան Վրաստանն է, մանավանդ այս տարի Ջավախքի շրջանում կարտոֆիլի բերքն անհաջող է, Ռուսաստանի Դաշնությունն է: Մենք ունենք տվյալներ, որ հայկական կարտոֆիլը Վրաստանից տեղափոխվում է այլ հարևան երկրներ»,-ասաց միավորման նախագահը, ավելացնելով, որ քիչ քանակությամբ կարտոֆիլ արտահանվում է Իրան:
Մասնագետն ընդգծում է, որ այս տարի բնակլիմայական պայմանները ողջ աշխարհում կարտոֆիլի համար վատ էին. «Եթե հաշվի առնենք, որ տարին հաջող չէր կարտոֆիլի համար, ուրեմն կարելի է ասել, որ Հայաստանն իր թասիբը կարտոֆիլի նկատմամբ պահպանել է»:
Նախորդող հրապարակումներ՝
Գյուղացու աշունը. Խոտը քիչ է
Գյուղացու աշունը. Մեղր չկա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները