Լևոն Տեր-Պետրոսյան. Ես ձեռքերս ծալած չեմ կարող նստել և ցանկացած դուռ կբախեմ
Հայ ազգայի կոնգրեսի մամուլի ծառայությունը տարածել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որտեղ նշված է. «Փետրվարի 12-ի կեսօրին ես մի նյութ էի ուղարկել iLur կայքին և «Չորրորդ իշխանություն» օրաթերթին՝ մյուս օրն առավոտյան հրապարակելու նպատակով։ Բայց երբ փետրվարի 12-ի երեկոյան Սերժ Սարգսյանը հանդես եկավ Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված իր հայտնի ելույթով, ես անմիջապես հիշյալ խմբագրություններից ետ կանչեցի այդ նյութը, քանի որ ստեղծված նոր իրավիճակում դրա հրապարակումը բոլորովին այլ կերպ կընկալվեր։ Երկար ծանրութեթև անելուց հետո, սակայն, ես եկա այն եզրակացության, որ, անկախ ներքաղաքական զարգացումներից, իրավունք չունեմ հասարակությունից թաքցնել մի կարևորագույն խնդիր, որն առնչվում է ողջ հայության և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կենսական շահերին։ Ուստի ուշացած, այնուամենայնիվ, ուզում եմ հասարակության սեփականությունը դարձնել այդ նյութը, որը ես վերնագրել էի «Բաց նամակ Սերժ Սարգսյանին»։ Ահա այդ նամակի ամբողջական բնագիրը.
«Նախևառաջ ներողություն եմ խնդրում առ այն, որ Ձեզ դիմում եմ ոչ թե խորհրդապահական խողովակով, այլ բաց նամակով, ինչը պայմանավորված է երկու պարզ հանգամանքով.
ա. Այլ կերպ Ձեզ հետ հաղորդակցվելու պարագայում, նկատի առած մեր լուրջ քաղաքական տարաձայնությունները, իմ քայլը, որի էությունը կպարզեմ ստորև, զերծ չէր մնա զանազան կասկածներ ու ասեկոսեներ հարուցելու վտանգից։
բ. Նամակիս շարժառիթը վերաբերում է համազգային և համապետական նշանակություն ունեցող մի այնպիսի կարևորագույն խնդրի, ինչպիսին է 100-ամյա տարելիցի առթիվ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ներկայացնելու խնդիրը, որն, իմ պատկերացմամբ, վեր պետք է լինի ներքաղաքական հարաբերությունների ցանկացած նկատառումից։
Երեկ ես մամուլի միջոցով իմ մտահոգություններն էի արտահայտել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակության վերաբերյալ (iLur.am, «Չորրորդ իշխանություն». 11.02.2015), ընդգծելով նրա վերախմբագրման և միջազգային իրավունքի նորմերին և պետությունների ու ժողովուրդների համակեցության սահմանված կանոններին համապատասխանեցման անհրաժեշտությունը, քանի որ, իմ կարծիքով, այդ խայտառակ փաստաթղթի պատճառով Հայաստանը ոչ միայն չէր շահի միջազգային հանրության համակրանքը, այլև կկորցներ անգամ բարեկամ պետությունների աջակցությունը։
Այժմ, արդ, միայն մտահոգություն արտահայտելը բավարար չհամարելով, ուզում եմ հանդես գալ նաև գործնական առաջարկով, այն է՝ Ձեր նախընտրած ժամկետներում և պայմաններում դեմ առ դեմ հանդիպել Ձեզ հետ՝ այդ խնդրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով։ Իսկ որպեսզի այդ հանդիպումը, հանուն գործի շահի, արդյունավետ լինի, կարծում եմ նաև, որ արժե մտածել մի խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու մասին, որի խնդիրը լինի Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցումը։ Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, ըստ այդմ, պետք է ծնվի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի անունից պետք է հղվի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, ևրոմիության նախագահին և աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին։ Հետևաբար՝
1. Ուղերձը պետք է լիովին համապատասխանի ՄԱԿ-ի խարտիային, Հելսինկյան հռչակագրին և Հայաստանի կողմից միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին.
2. Չպետք է հակասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը.
3. Տուրք չպետք է տա երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական մոտեցումներին.
4. Որևէ կերպ չպետք է վնասի Հայաստանի առջև կանգնած կարևորագույն խնդիրների լուծմանը, այն է՝ հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
Ինքնըստինքյան հասկանալի է, որ առաջարկվող խորհրդակցական հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն այնպիսի անձինք, ովքեր արդեն իսկ ապացուցել են, որ ունակ են վեր կանգնելու ավանդական պատկերացումներից և իրերը դիտելու Հայաստանի պետական շահերի ու ժամանակակից աշխարհի որդեգրած սկզբունքների դիտանկյունից։ Ես կհուշեի այդ չափանիշներին համապատասխանող հետևյալ անձանց անունները. Հայաստանից՝ Բաբկեն Արարքցյան, Վազգեն Մանուկյան, Գագիկ Հարությունյան, Վանո Սիրադեղյան, Վարդան Օսկանյան, Ստեփան Դեմիրճյան, Արման Գրիգորյան, Ռուբեն Շուգարյան, Ալեքսանդր Արզումանյան, Աշոտ Ոսկանյան, Արա Սահակյան, Ռուբեն Վարդանյան, Աշոտ Սարգսյան, Հրանտ Տեր-Աբրահամյան, Կտրիճ Սարդարյան. Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ Ժիրայր Լիպարիտյան, Խաչիկ Թոլոլյան, Ռուբեն Ադալյան, Արա Սանջյան, Համբիկ Սարաֆյան, Րաֆֆի Ուրֆալյան. Ֆրանսիայից՝ Արման Սարյան, Ժիրայր Մալխասյան, Միշել Մարյան, Րաֆֆի Գալֆայան. Թուրքիայից՝ Լևոն Զեքիյան. Արգենտինայից՝ Ռուբեն Մոզյան։ Սրանք իմ ճանաչած մարդիկ են։ Ձեր կողմից Դուք կարող եք ավելացնել նոր անուններ։
Որպես գաղափարի մտահղացող, ես պատրաստ եմ նաև անձամբ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, փույթ չէ, թե «ոխերիմ բարեկամներս» ինչպես կմեկնաբանեն իմ անսպասելի քայլը։ Կարևորն այս պատասխանատու խնդրում պետական և համազգային մակարդակով սխալ թույլ չտալն է։ Մնացած ամեն ինչ չնչին է ու երկրորդական։
Մեկ էլ, հնարավոր է, Ձեզ այսպիսի անակնկալ մատուցեմ Ղարաբաղյան կարգավորման խնդրում բարդություններ առաջանալու պարագայում։ Երբ վտանգվում է իմ ազգի և պետության ապագան, ես ձեռքերս ծալած չեմ կարող նստել և ցանկացած դուռ կբախեմ։ 12.02.2015թ.»։
Ցավում եմ, որ ներկա պահին, Գագիկ Ծառուկյանի, Բարգավաճ Հայաստան կուսակցության և ընդհանրապես ընդդիմության դեմ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի ու վայրագ բռնությունների պայմաններում, բացառապես ազգի շահերից բխող իմ այս մտահղացումը հնարավոր չէ իրականացնել։ Ավելացնեմ նաև, որ ինձ բոլորովին չի հետաքրքրում, թե աջից ու ձախից ինչպիսի վայնասուն կբարձրանա իմ այս հրապարակման առթիվ, որի անհետաձգելիությունը պայմանավորված է նաև Ցեղասպանության 100-ամյա տարելիցի` ապրիլի 24-ի մոտալուտ լինելու հանգամանքով»։