«Ամենահամովը Տանձատափի լոբին ա». Գյուղապետի հպարտությունը
Սյունիքի մարզի Տանձատափ գյուղում կյանքը եռում է, ասում է գյուղապետը ու թվարկում, որ գարնան գալստյան հետ մեկտեղ գյուղացիները սկսել են խաղողի վազերի էտը, սոխ, կարտոֆիլ ու լոբի են ցանել: Գյուղապետ Ռոբերտ Մուշեղյանը հպարտանալու առայժմ մեկ առիթ ունի. «Էն, որ ասում են Գորիսի լոբին համով ա է, չէ, ամենահամովը Տանձատափի լոբին ա: Իրականում էդպես ա, մեր հողից ու արևից ա երևի, շատ համով լոբի ա աճում: Ախպորս տղայի հարսնացուն Վրաստանից էր, դե վրացիք լոբի ուտող են չէ՞, եկել էին, մեր լոբին կերան, ասին, թե չափից դուրս համով լոբի ա»:
Տանձատափում, որը Գորիսից 43 կմ հեռավորության վրա է գտնվում, հաշվառված բնակիչների թիվը 97-ն է, բայց նրանցից երկու տասնյակի չափ բացակայում են գյուղից՝ Կապան, Երևան աշխատելու, ապրելու համար գնացել են: Այս պահին գյուղի 26 տունն է բնակեցված, մինչդեռ, գյուղապետի խոսքով, 42 տուն է կառուցված:
«Ժամանակի ընթացքում գյուղից արտագաղթ եղել է, բայց վերջին մի քանի տարիների ընթացքում չի եղել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնում է Մուշեղյանը:
Գյուղի ընտանիքներից շուրջ տասը երիտասարդներ են, մնացածը՝ տարեցներ:
«Մեր ջահելները 30-40 տարեկաններ են, զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, կա որ գյուղապետարանում են աշխատում, դպրոցում», -նշում է գյուղի ղեկավարը:
Գյուղի հիմնական դպրոց, որը վերանորոգվել է վերջերս, հաճախում է 10 աշակերտ:
Գյուղում, ասում է նա, աշխատանքի խնդիր չի լինի, քանի որ շուտով հիդրոէլեկտրակայան է կառուցվելու:
«Երևանաբնակ տաթևացի մի տղա մեր գյուղում ՀԷԿ ա կառուցում, մի վեց-յոթ հոգու աշխատատեղ կապահովվի», -ասում է Մուշեղյանը:
Մեր դիտարկմանը, թե համայնքների խոշորացման արդյունքում, բացի գյուղապետարանի մյուս աշխատողներից հենց ինքը՝ գյուղապետը, գործազուրկ կարող է լինել, Մուշեղյանը ժպտալով արձագանքեց. «Ամեն դեպքում համայնքը պետք է ներկայացուցիչ ունենա, գուցե ես դա լինեմ, չգիտեմ: Սկի որ չլնի, կգնամ էդ ՀԷԿ-ում կաշխատեմ, անգործ չենք մնա»:
Գյուղապետը գյուղի առաջնային խնդիրներից համարում է գյուղտեխնիկայի պակասը ու գյուղամիջյան ճանապարհների բարեկարգումը:
«Ուրիշ խնդիր այսպահին չունենք», -ասում է նա:
Այս շարքից.
Քաշունի. գյուղ, որտեղ մահանում են, բայց չեն ծնվում
Գյուղում բարեր, ռեստորաններ չկան, որ ջահելները մնան. Օխտարի գյուղապետը՝ արտագաղթած երիտասարդների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան