Ապաքրեականացումը նվազեցրեց բռնությունները լրագրողների նկատմամբ, սակայն ավելացրեց դատական հայցերի քանակը
2011թ-ի առաջին եռամսյակում լրագրողների ու ԶԼՄ-ների նկատմամբ դատական հայցերի աննախադեպ աճ է գրանցվել: Սա դեռևս անցյալ տարի զրպարտությունն ու վիրավորանքն ապաքրեականցնելու հետևանքն է, ինչն էլ բերեց նրան, որ լրագրողների ու ԶԼՄ-ների նկատմամբ հետապնդումների թիվն աճեց: Մասնավորապես` ընդդիմադիր մամուլի նկատմամբ:
Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Վերջինս այս գործընթացը բացասական է գնահատում. «Կարող ենք փաստել, որ նախքան ապաքրեականացումը լրագրողների հետ հաշվեհարդար էին տեսնում բռունցքների միջոցով և այս իմաստով դրական է այդ փոփոխությունը , սակայն մյուս կողմից էլ ավելացել են դատական հայցերով լրագրողների հանդեպ ճնշումները»,- նշեց Ա.Մելիքյանը:
Ըստ այդմ, միայն այս տարվա առաջին եռամսյակում դրանց թիվը կազմել է 11, մինչդեռ անցյալ տարվա երրորդ եռամսյակում եղել է ընդամենը չորս նմանատիպ հայց: Մտահոգիչն, ըստ բանախոսի, այն է, որ դատական համակարգը մեզանում անաչառ չէ, ինչն էլ օգտագործվում է մամուլը հետապնդելու համար քաղաքական այս կամ այն դաշտի համար իբրև լավագույն գործիք:
Ա.Մելիքյանը նշեց, որ իրենք ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ իրականացրած ոտնձգությունները դասակարգում են` ֆիզիկական բռնություն, ճնշումներ ԶԼՄ-ների հանդեպ և տեղեկատվություն ստանալուն ու տարածելուն ճնշումներ. «Ուրախալի է, որ ֆիզիկական բռնություն այս եռամսյակում լրագրողների նկատմամբ չի արձանագրվել»,- ավելացրեց բանախոսը:
Սակայն միաժամանակ նաև նշեց, որ ոչ բոլոր դեպքերում են լրագրողներն իրենց նկատմամբ իրականացրած ոտնձգությունները հրապարակում և մեծ մասամբ պարզապես «կուլ են գնում դրան»: Ինչն էլ նշանակում է, որ ազատ խոսքի նկատմամբ բռնությունների ու ճնշումների իրական ցուցանիշը Հայաստանում ավելի բարձր է: