Մանկատան տնօրենի նկատմամբ 2010-ին հարուցված քր. գործը կարճվել է 2009-ի համաներմամբ
2010թ-ին Շիրակի մարզի դատախազությունը հրապարակեց տեղեկատվություն այն մասին, որ մարզի մի շարք հաստատությունների վերադասներ, մեղմ ասած, երեխաների հաշվին ինչպես որ հարկն է հոգացել են իրենց շահերը: Այդ հաստատությունների թվում է նաև Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը, ուր Panorama.am-ն այցելեց նախօրեին:
Համաձայն այդ տեղեկատվության, «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզաննա Ավագյանը չի կատարել ծառայողական պարտականությունները և պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերի: Այն է` մեջբերում ենք, «կնքված մատակարարման պայմանագրերում չներառելով գների վերանայման վերաբերյալ դրույթները՝ 2007-2008թթ. ընթացքում 97 անուն սննդամթերք 2 մատակարար ընկերություններից ձեռք է բերել շուկայական գներից ընդհանուր առմամբ 4 093 165 դրամ ավելի գնով, որպիսի գործողություններով էական վնաս է պատճառել պետական կազմակերպությանը»:
Այլ կերպ ասած, միայն նշված տարում տիկին Ավագյանը չարաշահումներ է թույլ տվել 4.1 մլն դրամի շրջանակում, ու թերևս կարելի է ենթադրել, որ հանցավոր այդ միտումը շարունակական է եղել նաև մյուս տարիներին :
Փաստի առթիվ 2010թ. հունվարի 25-ին հարուցվել է թիվ 67200710 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Մեր այցելության ընթացքում տիկին Ավագյանը աշխծատավայրում չէր` ասացին մեկնել է Երևան: Փոխտնօրենը, ում հետ զրուցեցինք, արդարացավ, թե անցյալ տարվա սեպտեմբերից է անցել աշխատանքի, այդ իսկ պատճառով տեղյակ չէ ո’չ չարաշահումներից, ո’չ էլ, առավել ևս, քրեական գործի ընթացքից: Տեղյակ չէր նաև մանկատանը 6 տարվա աշխատանքային փորձ ունեցող մանկաբույժ Մարգարիտա Հարությունյանը:
Մեր հարցման ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Շահեն Տոնոյանն էլ տեղեկացրեց, որ Ռ.Ավագյանի, ինչպես նաև այդ բացահայտումների առումով հարուցված մի շարք գործեր կարճվել են 2009թ-ին Ազգային Ժողովի կողմից համաներման որոշումն ընդունելու հետևանքով:
«Ամեն համաներում իր կիրառման ժամանակաշրջանն ու այլ մեխանիզմներ ունի` հոդվածների, ժամկետների առումով… 2009թ-ի համաներումը, փաստորեն, ժամկետային ինչ-որ խնդիր է լուծել, որով էլ կարճվել է այդ գործը»,- Panorama.am-ին բացատրեց Շ.Տոնոյանը, երբ հիշեցրինք, որ քրեական գործը հարուցվել է 2010թ-ի հունվարին: