Լրագրողների նկատմամբ բռնության երկու դեպք 2011թ-ի 2-րդ կիսամյակում
2011թ-ի առաջին կիսամյակում լրագրողների դեմ բռնության դեպք չի արձանագրվել, իսկ ահա երկրորդ կիսամյակում ֆիզիկական բռնության երկու դեպք ենք ունեցել` «Զինվոր» հկ-ների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հարձակումը «Հրապարակ» օրաթերթի խմբագրության վրա, որի արդյունքում մարմնական վնասվածք էր ստացել նաև գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը և «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արկադի Անդրեասյանի բռնությունը ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանի նկատմամբ:
Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ներկայացնելով Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին ԽԱՊԿ 2011թ. երկրորդ եռամսյակային զեկույցը:
«Ցավոք պետք է փաստեմ, որ Հայաստանում լրագրողներն աշխատում են բավականին բարդ պայմաններում, որի մասին, օրինակ, վկայում են դատական հայցերը նրանց դեմ»,- նշեց բանախոսը:
Որպես օրինակ հիշեցրեց բոլոր այն դատական գործերը` «Երկիր», «Ժամանակ» և այլ ԶԼՄ-ների դեմ, որոնց ետևում կանգնած են հիմնականում քաղաքական գործիչներ: Ու այս ամենում ընդամենը մեկ դեպքում դատարանը մերժեց ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի. «Սա բացառություն է և լավ կլիներ, որ լիներ օրինաչափություն»:
Առաջին կիսամյակի համեմատ նվազել են ճնշումները ԶԼՄ-ների և դրան աշխատակիցների նկատմամբ. եթե տարվա առաջին երեք ամիսների ընթացքում դրանց թիվը կազմել էր 15 դեպք, ապա երկրորդ կիսամյակում ունեցել ենք ընդամենը 6 դեպք:
Զեկույցի համաձայն, խախտում է արձանագրվել նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իմաստով` երկրորդ կիսամյակում նման երկու դեպք է արձանագրվել:
Ընդհանուր առմամբ, նշեց Ա.Մելիքյանը, զեկույցում ներկայացված ժամանակահատվածը լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների առումով կարելի է համարել միջին լարվածության:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան