Ոստիկանապետ. ՀԱԿ երիտասարդներից 3-ը ոգելից խմիչքի ազդեցության տակ են հայհոյել ու տեռոր կազմակերպել բաժնում
Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստների ձերբակալությունը և նրանց նկատմամբ քրեական գործ հարուցելու փաստն այսօր Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրավիրած ասուլիսի հիմնական թեման էր:
«Շատ եմ խնդրում, ինձ հավատացեք», -մինչև փաստերի հրապարակմանն անցնելը հայտարարեց ոստիկանապետը` միևնույն ժամանակ հիշեցնելով, որ իր պաշտոնավարման ընթացքում մեկ անգամ է սխալվել` Չարենցավանի ոտիկանական բաժանմունքում տեղի ունեցած ինքնասպանության մասին ոչ ճշգրիտ տեղեկություն հրապարակելով:
«Էն ժամանակ ես տեղեկությունները հեռախոսով էի ճշտել, բայց հիմա հիմա հավաքել եմ բոլորին, հատ-հատ լսել նրանց», -հավելեց նա:
Ալիկ Սերգեյիչի պատմելով, իրեն մանրամասն զեկուցել են, որ Տերյան փողոցում, Կարապի լճի հարևանությամբ, շարքային հայ ոստիկանները ծառայություն են իրականացրել և տեսնելով առանց դնչկալի շանը պահող երիտասարդին նրան զգուշացրել են, թե ինչո՞ւ է կենդանուն այդպես հանել փողոց: Երիտասարդը, ըստ Ալիկ Սերգեյիչի, «մարդավարի» պատասխանել է ոստիկանին և ներողություն խնդրելուց հետո, թողել-գնացել է ու ասել, որ մյուս անգամ դնչկալով կհանի իր շանը:
«Ուրիշ միջադեպ չի եղել, որ գրգռի ՀԱԿ-ի երիտասարդներին», -հայտարարեց ոստիկանապետ Սարգսյանը և շարունակելով պատմությունը ասաց, որ հենց այդ պահին իրավապահներին են մոտեցել Հայ ազգային կոնգրեսի երկու երիտասարդներ:
«Մոտենում են երկու հոգի, նրանցից մեկը բոլորիս հայտնի հերոսացած կերպար Տիգրան Առաքելյանն է լինում: Սրանք բոլորն էլ ոստիկանաորսով են զբաղված: Մոտենում են ու միանգամից հայհոյանքներով սկսում վիրավորել ոստիկաններին: Երբ ոստիկանները նրանց հորդորում են հեռու գնալ իրենցից ու չխառնվել իրենց գործերին, սկսվում է քաշքշոց, ավելին, ոստիկաններից մեկի դեմքին են սկսում հարվածել», -հայտարարեց ոստիկանապետը` նշելով, որ այդ տեսարանի ականատեսները կան:
Այնուհետև, Սարգսյանի պատմելով, մոտենում է ՀԱԿ-ականների երկրորդ խումբը, ու «հարձակվում» ոստիկանների վրա: Ոստիկաններին օգնության հասած մյուս ծառայակիցների ու ՀԱԿ երիտասարդների միջև քաշքշոցը, ոստիկանապետի խոսքով, տևում է շուրջ 20 րոպե:
«Քաշքշոցին մասնակցել են նաև կանայք, որոնք նրանց հետ են եղել: Մասնակիցների վերջնական թիվը չեմ կարող ասել», -նշեց ոստիկանապետն ու հավելեց, որ արդյունքում 7-ն են բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունք:
Ոստիկանապետի խոսքով, ՀԱԿ երիտասարդները ամեն րոպե փորձել են սադրանքի մեջ ներքաշել ոստիկանության ծառայողներին: Այդպես է եղել նաև մեքենայի մեջ, և երիտասարդենրից Տիգրան Առաքելյանը հենց մեքենայի մեջ, Սարգսյանի պատմելով, գլխով խփել և կոտրել է ծառայող ոստիկանի քիթը:
«Ես այսօր գնացել եմ ոստիկանի մոտ հիվանդանոց ու տեսել նրան: Առողջական վիճակը բավարար է», հավելեց Ալիկ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ոստիկանական բաժանմունքում երիտասարդների դրսևորած վարքագծին, ոստիկանապետն ասաց, որ նրանք շուրջ 40 րոպե խանգարել են բաժնի բնականոն աշխատանքը: «Բաժնում սկսում են աղմուկ-աղաղակ, ոստիկանների հասցեին ամենավերջին հայհոյանքներն են տեղում: Բաժինը տեռորի են ենթարկում, էդ բաժնի տեսարաններն ահավոր են»,-վրդովված պատմեց Ալիկ Սարգսյանը:
Շարունակելով` ոստիկանապետն ասաց, որ անգամ բժիշկները չեն կարողացել բժշկական զննություն անել տեղում: Այսօր ստացված բժշկական եզրակացության համաձայն, ՀԱԿ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը և ևս երկուսը եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ: Նարկոլոգիական հետազոտության պատասխանները դեռևս պատրաստ չեն:
Հայ Ազգային կոնգրեսի 7 ակտիվիստները ձերբակալվել են նախօրեին, նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ Քր. Օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով «խուլիգանություն» և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով «իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը և նրա նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն կիրառելը»:
Ակտիվիստների ձերբակալման 78 ժամը կլրանա վաղը և դատարանում արդեն կալանքի տակ վերցնել կամ չվերցնելու մասին որոշում կկայացվի: