«Ճուտը կդադարի քաղբանտարկյալ համարվել». Ջհանգիրյանը սպառնո՞ւմ է
Այսօր ասուլիսում Հայ Ազգային Կոնգրեսի պետաիրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը լրագրողներին ընթերցեց Եվրադատարան դիմած Կոնգրես-ականների փաստաբան Վարդուհի Էլբակյանի նամակը, որը հասցեագրված է եղել ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի աշխատակից Արմեն Խաչատրյանին:
Նամակում նշվում է. «Բարև Արմեն ջան, էդ ի՞նչ հրապարակումներ են, ո՞վ է էդ թեման տվել, էդտեղ էդ ի՞նչ խոսակցություններ են գնում: Ես տեղյակ չեմ, ՀՀ-ում չեմ, կամ ի՞նչ կապ ունի Սուրիկը (Ճտի մասին է խոսքը-Ջհանգիրյան) իմ պայմանագրի կամ եվրոբողոքի հետ: Ես, որ գամ պիտի ասեմ, որ եվրոբողոքի հետ վերցնելը( եթե ինքը ունի նման ցանկություն), ինչ կապ ունի այս գործի հետ»:
Ջհանգիրյանն ասաց, որ չի մանրամասնի, թե ինչ գործի մասին է խոսքը` հավելելով. «Ինքն այստեղ մի բանտարկյալի անուն է տալիս, ես չեմ տա, եթե ինքը հարմար գտնում է, կգա, կասի»:
Լրագրողները, փորձեցին հասկանալ, թե նամակից հստակ չէ` հետ վերցնո՞ւմ են եվրաբողոքները, Ջհանգիրյանը պատասխանեց. «Տեսա՞ք ինչ է գրել: Ես չգիտեմ, ինձ չի հետաքրքրում, եթե նույնիսկ հետ վերցրած լինի, դա որևէ նշանակություն չունի մնացած բողոքների համար, հա մի բան է փոխվում. Ճուտը կդադարի քաղբանտարկյալ համարվել, մնացած բարոյական խնդիրներին չեմ անդրադառնում»:
Նրա խոսքով, Սուրեն Սիրունյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղղված իր եվրոպական բողոքի վճարումներից «բացարձակ անտեղյակ է»: «Նա նաև անտեղյակ ա շատ հանգամանքներից. երբ ինքը եղել է հայտնի տեղերում, այդ խնդիրները լուծել են այլ մարդիկ», -նկատեց Ջհանգիրյանը:
Անդրադառնալով այն հրապարակումներին, որոնց համաձայն, Հայ Ազգային կոնգրեսը չի վճարել իրենց ակտիվիստներին պաշտպանած փաստաբաններին ծառայությունների համար` Ջհանգիրյանը նախ ասաց, որ «ՀԱԿ-ը ոչ բանկ է, ոչ էլ վարկային կազմակերպություն», -այնուհետև հավելեց.
«Ես պիտի նախ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն փաստաբաններին, ովքեր այս տարիների ընթացքում համագործակցել են Հայ Ազգային կոնգրեսի հետ և ես պիտի ասեմ, որ նրանցից շատ-շատերը անհատույց են աշխատել: Ես չգիտեմ որևէ փաստաբանի, որը բողոքած լինի. նախ այդ պայմանագրերը չեն կնքվում Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի հետ, այլ կնքվում են բանտարկյալների հարազատների հետ, վճարումները կատարում են այդ հարազատները: Եթե ինչ-որ հասարակական կազմակերպության կամ անհատ բարեգործների միջոցներից վճարվել կամ չեն վճարվել, դրա համար Կոնգրեսը պատասխանատվություն չի կրում: Ավելին, մենք այդպիսի տեղեկություն չունենք»:
Հիշեցնենք, որ Սուրեն Սիրունյանը, որը հայտնի է Վանոյի Ճուտ մականվամբ, Panorama.am-ին ավելի վաղ տեղեկացրել էր, որ պատրաստվում է հետ վերցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված իր գանգատը:
Նախորդող հրապարակում. «Ի՞նչ ա ասում էդ տղան». Ովքե՞ր են Սիրունյանի հետ մտադիր Եվրադատարանից հետ վերցնել դիմումները
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում