10 օրում 32 տրանսպորտային միջոց տեղափոխվել է տուգանային հրապարակ. համարանիշներ այլևս չեն հանում
Նախօրեին բավականին հետաքրքիր տեսարանի ականատես եղանք. Քաղաքի կենտրոնում, Կորյուն-Հերացի հատման խաչմերուկից ճանապարհային ոստիկանության քարշակ-մեքենայի վրա տեղադրվեց մի ավտոմեքենա ու քարշակը հեռացավ: Այնպես ստացվեց, որ մոտ երկու ժամ անց, նույն վայրից ու ենթադրում ենք նույն քարշակը ևս մեկը տարավ տուգանային հրապարակ: Քարշակի հեռանալուց հետո պարզվեց, որ մեքենաները կայանել էին չթույլատրված գոտում, այսպես կոչված «զեբռայի» վրա, իսկ դա ճանապարհային երթևեկության կոպիտ խախտում է:
Նշենք, որ նախկինում նման զանցանքները պետավտոտեսուչներն այլ կերպ էին լուծում` պարզապես հանում էին ավտոմեքենայի համարանիշներն ու հեռանում (ինչ իր հերթին ևս խախտում է): Իսկ օրինախախտ վարորդն էլ հետո պետք է կռահեր` ո՞ւր և կարևորը` ո՞վ է տարել համարները: Շատ դեպքերում հարցը հնարավոր էր լինում հարթել այսպես ասած ներքին կարգով` վարորդը մոտենում էր առաջին իսկ պատահած պետավտոտեսչության մեքենային ու եթե համակարգում ծանոթ-ընկեր-բարեկամ ուներ, ապա դա օգնության էր հասնում ու հնարավոր էր լինում ճշտել, թե կոնկրետ ո՞ր պետավտոտեսչության աշխատակիցն է հանել համարները, որտեղ է այս պահին նա գտնվում ու…. Դե մնացածը պարզ է:
Սակայն իրականում նմանատիպ խախտումների համար համարանիշները ավտոմեքենայից հանելը ոչ մի օրենք չի սահմանում, այսինքն` բոլոր նրանք, ովքեր նախկինում առնչվել են նմանատիպ իրավիճակի հետ ու իրենց մեքենաներից հանվել են համարանիշները, պարզապես անօրինականության զոհ են դարձել: Հավելենք նաև, որ պետավտոտեսուչը համարանիշ կարող է հանել միայն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը շահագործման ենթակա չէ:
Ճանապարհային երթևեկությունը կանոնակարգող օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով՝ երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում կայանված տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք՝ տուգանային հրապարակ: Եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը` կայանման կանոնների խախտումը, նույն օրենքի 181 հոդվածի 4-րդ, 5-րդ կետերի տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացնում է իրավասու պաշտոնատար անձը՝ անձամբ կամ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ: Այդ դեպքում բերման ենթարկողը անհապաղ հայտնում է ոստիկանության տվյալ տարածքը սպասարկող ստորաբաժանում:
Ավելի առարկայական ու նաև մեր տեսածի պահով էլ ճշտեցինք, որ 2012 թ. հունվարի 10-ից մինչև հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից, կանգառի և կայանման կանոնները խախտելու համար ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 32 տրանսպորտային միջոց, իսկ տեղում կազմվել է 165 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում