ՀՀ ոստիկանություն. Լիազորված չենք կասկածի տակ դնել քաղաքապետի կողմից արձակված վարչական ակտերը
Մաշտոցի այգում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների շուրջ հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ոստիկանությունը.
«Մաշտոցի այգու իրավիճակի շուրջ տեղի ունեցողՄաշտոցի պողոտային հարող այգում շինարարական աշխատանքների առնչությամբ բնապահպանական և այլ հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված գործողությունների և հայտարարությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը անհրաժեշտ է համարում նշել հետևյալը:
ՀՀ ոստիկանությունը լիազորված չէ կասկածի տակ դնել քաղաքապետի կողմից արձակված և չվիճարկված վարչական ակտերի, այդ թվում` շինարարակական թույլտվության իրավաչափությունը: Դա որոշելու լիազորությունը պատկանում է բացառապես վարչական դատարանին: Հետևաբար ոստիկանությունը պարտավոր էր թույլ չտալ միջամտություն հիշատակված շինարարական աշխատանքներին, ապահովելով Մաշտոցի պողոտային հարող այգում հասարակական կարգի պատշաճ պահպանությունը, այդ թվում նաև այդ աշխատանքները խոչընդոտող անձանց և շինարարների անվտանգությունը: Ուստի հասարակական կարգի պահպանմանն ուղղված ոստիկանության պահանջները միանշանակ բխել են օրենքից:
ՀՀ ոստիկանությունն արդեն իսկ փաստել է, որ թույլատրված շինարարական աշխատանքների խոչընդոտումը չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են որակվել որպես ինքնիրավչություն և առաջացնել վարչական պատասխանատվություն: Հասարակական կարգի և հասարակական անվտանգության խախտումների առնչությամբ ոստիկանության ծառայողի օրինական պահանջները չկատարելը նույնպես հանգեցնում է վարչական պատասխանատվության: ՀՀ ոստիկանությունն իրավասու էր կիրառելու վարչական հարկադրանքի միջոցներ, սակայն, ոստիկանության կանխարգելիչ լիազորությունների շրջանակներում` ելնելով լարվածության թուլացման սկզբունքից, ձեռնպահ է մնացել այդ միջոցների կիրառումից:
Միևնույն ժամանակ, ոստիկանությունն առավել վտանգավոր է համարում հավաքի մասնակիցների այն կոչերը, որոնք ուղղված են նրանց կողմից ոստիկանության պահանջները չկատարելուն: Ոստիկանությունը գտնում է, որ դրանց միակ նպատակը իրավիճակի արհեստական սրումն է:
Կարևորելով հանրության տարբեր տեսակետները և հանրային իրազեկվածության բարձրացումը, ՀՀ ոստիկանությունը իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անցկացնելու կլոր սեղանի շուրջ քննարկումներ՝ ոստիկանության գործողությունների իրավական հիմքերին վերաբերող հիմնահարցերով:
Քննարկումները տեղի կունենան փետրվարի 28-ին, ժամը 12.00-ին, ՀՀ ոստիկանության շենքում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում