Դիտակետում զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ
Նախօրեին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում զինծառայող Տիգրան Վարյանի մահվան կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:
Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնի ղեկավար Մերի Սարգսյանը:
Նա փոխանցեց, որ գործը հարուցվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական վարչությունում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ընթանում է քննություն:
Նախօրեին ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն փետրվարի 29-ին ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում, նախնական տվյալներով, իրեն ամրակցված ինքնաձիգից սպանվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Տիգրան Վանոյի Վարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան