Իրանական կայք. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան անձամբ է կարգադրել ձերբակալել իրանական «Սահար» հեռուստաալիքի լրագրողին
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովն անձամբ է կարգադրել ձերբակալել իրանական «Սահար» հեռուստաալիքի լրագրողին:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ալի Հասանովն իր գործունեությամբ փորձում է դադարեցնել Ադրբեջանում գործունեություն ծավալող իրանական «Սահար» հեռուստաալիքի գործունեությունը, որի վերաբերյալ ամեն օր զեկուցում է Իլհամ Ալիևին:
Իրանական աղբյուրը հավելում է, որ ի պատասխան Ադրբեջանի, Իրանում ազատ գործունեություն է ծավալում ադրբեջանական «Ազեր Թաջ» լրատվական գործակալության լրագրողը:
Նկատենք, որ օրերս Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Մոհամմադ Հոսեյնին իրանական «Սահար» հեռուստաալիքի լրագրողի նկատմամբ Ադրբեջանի դատական իշխանությունների կայացրած որոշումն անհիմն էր որակել:
Հավելենք, որ ըստ իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության` իրանական «Սահար» հեռուստաալիքի Բաքվի ներկայացուցչության ձերբակալված լրագրող Անար Բայրամլիի շահերի պաշտպան Անար Ղասեմլին օրերս հաղորդել էր, որ Բաքվի «Բինագադի» շրջանի դատարանը նախօրեին հապճեպ նիստ է հրավիրել և ևս մեկ ամսով երկարաձգել է «Սահարի» լրագրողի ձերբակալման ժամկետը:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին իրանական ԶԼՄ-ները հաղորդագրություն տարածեցին, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել են իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության և «Սահար» հեռուստաալիքի Բաքվի գրասենյակի լրագրողները, իսկ մինչ այդ Ադրբեջանից վտարվել էր Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի գրասենյակի ղեկավարը:
Միջադեպի առնչությամբ` Բաքվում Իրանի դեսպանությունը բողոքի նոտա հղեց ադրբեջանական կողմին, պահանջելով անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին, միևնույն, ժամանակ, նշելով, որ լրագրողների ձերբակալության փաստը հակասում է միջազգային նորմերին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում