«Amnesty International»-ը Ադրբեջանից պահանջել է անհապաղ ազատ արձակել իրանական “Սահար” հեռուստաընկերության լրագրողին
«Միջազգային համաներում» (Amnesty International) կազմակերպությունն Ադրբեջանից պահանջել է անհապաղ ազատ արձակել իրանական “Սահար” հեռուստաընկերության լրագրողին:
Այդ մասին հաղորդում է իրանական “ՖԱՐՍ” լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության՝ “Միջազգային համաներում” կազմակերպությունը հրապարակված նոր զեկույցում Ադրբեջանում իրանական “Սահար” հեռուստաընկերության լրագրողի ձերբակալության փաստն անհիմն է որակել և Ադրբեջանի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել Անար Բայրամլիին` վերջինիս համարելով որպես քաղբանտարկյալ:
Նկատենք, որ օրերս Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Մոհամմադ Հոսեյնին ևս իրանական «Սահար» հեռուստաալիքի լրագրողի նկատմամբ Ադրբեջանի դատական իշխանությունների կայացրած որոշումն անհիմն էր որակել:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին իրանական ԶԼՄ-ները հաղորդագրություն տարածեցին, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել են իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության և «Սահար» հեռուստաալիքի Բաքվի գրասենյակի լրագրողները, իսկ մինչ այդ Ադրբեջանից վտարվել էր Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի գրասենյակի ղեկավարը:
Նշենք, որ իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովն անձամբ է կարգադրել ձերբակալել իրանական «Սահար» հեռուստաալիքի լրագրողին:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանական կայք. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան անձամբ է կարգադրել ձերբակալել իրանական «Սահար» հեռուստաալիքի լրագրողին