Դատախազը ծեծել է լրագրողին. ՀՔԾ-ին հանձնարարվել է քննություն իրականացնել
Մայիսի 12-ին, գիշերը ժամը 23.30-ի սահմաններում «Ռեգնում» գործակալության աշխատակից Ռուբեն Գրդզելյանը, ինչպես հաղորդում է նույն գործակալությունը, «դաժան ծեծի է ենթարկվել մի խումբ անձանց կողմից, որոնց թվում, ինչպես հետագայում հաջողվել է պարզել, եղել է նաև Կոտայքի մարզի դատախազներից Մովսես Մանրիկյանը»։
Ըստ նույն աղբյուրի, միջադեպը տեղի է ունեցել Երևանում՝ տուժածի մոր, երկու անչափահաս երեխաների, զարմիկի և հղի կնոջ ներկայությամբ, երեկոյան զբոսանքի ժամանակ: «Կոնֆլիկտն առաջացել է այն բանից, երբ երեխաները մի պահ խանգարել են, որ Մովսես Մանրիկյանի մեքենան դուրս գա բակից: Դա դուր չի եկել Մանրիկյանին և նա լեզվակռվի մեջ է մտել Գրդզելյանի հետ ու հարվածել նրան: Ստանալով պատասխան հարված Մանրիկյանն ու նրան ուղեկցող մի անձ հարձակվել են լրագրողի վրա, որոնց միացել են նաև Մանրիկյանի որդին ու ևս մեկը: Չորս անձ ծեծել են Գրդզելյանին, մինչև վերջինը չի կորցրել գիտակցությունը», -գրել է «Ռեգնում»-ը:
Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով տեղի ունեցածը, տեղեկացրեց, որ «կենցաղային հողի վրա առաջացած միջադեպի» վերաբերյալ նյութերը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:
«Հատուկ քննչական ծառայությանը հստակ ցուցումով հանձնարարվել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները միջադեպի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ և, ըստ անհրաժեշտության, մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններին տալ համարժեք քրեաիրավական գնահատական», -փոխանցեց Սոնա Տռուզյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը