«Բանդայի գործով» Քյարամ Ամոյանի վիճակը ծանր է, բժիշկները խորհրդակցում են
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր պատիժը կրող «Բանդայի գործով» Քյարամ Ամոյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, սակայն նրան «Էրեբունի» բժշկական կենտրոնում չեն ընդունել և ուղարկել են թիվ 1 հիվանդանոց, որտեղ նույնպես հրաժարվել են Քյարամին ընդունել` հետ ուղարկելով նրան «Էրեբուն» ԲԿ: Այդ մասին ահազանգ ստացվել է Պաշտպանի 116 թեժ գծով:
ԱՆ ՔԿՀ լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը Panorama.am-ին թղթակցի հետ զրույցում հաստատեց լուրը և տեղեկացրեց, որ այս պահին «Էրեբունի» ԲԿ-ի բժշկական անձնակազմը քննարկում է՝ ինչ անել Ամոյանի հետ, հնարավոր է նա վիրահատության ենթարկվի:
Պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են նաև, որ իրավիճակը պարզելու նպատակով Պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նշենք, որ Քյարամ Ամոյանը ազգությամբ եզդի է և 2011-ի սեպտեմբերի 23-ին Երևանում վնասազերծված ու մի քանի պաշտոնյաների բնակարանների վրա ավազակային հարձակում կատարած բանդայի անդամ է: