Փաստաբանները վճռական են. Նրանք հնարավոր է դատավորների դեմ հայտարարություն տան ՀՔԾ-ին
Մայիսի 25-ին Փաստաբանների պալատում տեղի ունեցած նիստում որոշվել է ստեղծել 5 փաստաբաններից կազմված հանձնախումբ, որը կարճ ժամանակում փաստաբաններին է ներկայացնելու դատական համակարգում առկա ակնառու խնդիրները և դրանց լուծելուն ուղղվող փաստաբանների կողմից իրականացվող միջոցառումները: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց փաստաբան Գևորգ Գյոզալյանը:
Նիստին ներկա են եղել փաստաբաններ Մելանյա Առուստամյանը, Արա Զոհրաբյանը, Գևորգ Գյոզալյանը, Ալեքսանդր Սիրունյանը, Լիանա Բալյանը, Գևորգ Դավթյանը, Ռուբեն Ռշտունին, Սամվել Ջաղինյանը, Արա Զաքարյանը, Տարոն Սիմոնյանը, Ռոբերտ Մանվելյանը, Երվանդ Վարոսյանը, Նիկոլայ Բաղդասարյանը: Նրանք ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկությունները: Բացի այդ, Գյոզալյանի հայտարարության համաձայն, փաստաբանները ներկայացրել են բազմաթիվ գործեր որոնցով Վճռաբեկ դատարանը և այլ դատարաններ թույլ են տվել «ակնհայտ ապօրինություններ»: «Այս առումով փաստաբանները միակարծիք էին ապօրինությունների դեմ պայքարելու՝ ընդհուպ դիմելով ծայրահեղ քայլերի, մասնավորապես գործադուլի, բողոքի ակցիաների, դատադուլի և այլն», հյատարարեց փաստաբանը:
«Փաստաբաններից Արա Զոհրաբյանը առաջարկեց որպեսզի պահանջներից մեկը լինի այն, որ այսուհետ Վճռաբեկ դատարանի բողոքները վարույթ ընդունելու և չընդունելու վերաբերյալ քննարկումները պարտադիր պետք է ձայնագրառվեն, իսկ փաստաբան Արա Զաքարյանը առաջարկեց հայտարարության մեջ նշել նաև, որ Վճռաբեկ դատարանը իրականացնում է զոնալ հսկողություն ստորադաս դատարանների նկատմամբ:
Նիստում քննարկվեց նաև այն հարցը, որ Վճռաբեկ դատարանը ակնհայտ արհամարում է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները այն իմաստով, որ Վճռաբեկ դատարանի վերադարձման որոշումները պետք է լինեն պատճառաբանված: Առաջարկ եղավ նաև հաղորդագրություն ուղարկել ՀՔԾ, որպեսզի վերջիններս քրեական գործ հարուցեն Վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածի (Դատական ակտը դիտավորությամբ չկատարելը)», -ներկայացրեց Գևորգ Գյոզալյանը:
Ստեծված հանձնախբում ընդգրկվել են փաստաբաններ Գևորգ Գյոզալյանը, Արա Զոհրաբյանը, Կարեն Մեժլումյանը, Լուսինե Սահակյանը և Հայկ Ալումյանը:
Նախորդիվ՝
Վճռաբեկ դատարանը երկակի ստանդարտներ է կիրառում. Փաստաբանները մտադիր են դիմել ծայրահեղ քայլերի
Ա. Բաբայան. «Վճռաբեկ դատարանը նոր դիրքորոշում չի տվել»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան