Հիմնականում բողոքել են նոտարների կողմից սահմանված սակագների չափը գերազանցող գումարներից
Մեկ տարվա գործունեության ընթացքում արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչություն (ստեղծվել է 2011-ի հունիսին) դիմել է 1000-ից ավելի քաղաքացի` տարբեր խնդիրներով` օրենսդրական, իրավական, սոցիալ-կենցաղային, կենսաթոշակային, նոտարների գործունեությունից դժգոհություններ և այլն: Այս մասին ասուլիսում ասաց տեսչության պետ Նորայր Փանոսյանը:
Տեսչության կողմից իրակացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 696 մահացած անձիք հանված չեն եղել ռեգիստրում, քանի որ համապատասխան մարմնի կողմից տեղեկություն չէր տրամադրվել: Այդ մարմնի ղեկավարի նկատմամբ կարագապահական տույժ է կիրառվել:
Այս մեկ տարվա ընթացքում տեսչությունը ԴԱՀԿ ծառայության վերաբերյալ ստացել է 272 դիմում, որոնցից երկուսով կատարվել է ծառայողական քննություն, մեկով հարուցվել է վարչական վարույթ: ՔԿԾ ծառայության վերաբերյալ դիմումների թիվը կազմել է 236, որոնցից մեկով կատարվել է ծառայողական քննություն: Ն. Փանոսյանի խոսքով, այս ոլորտում խնդիրների լուծման համար հարկավոր է համալիր աշխատանք: Ըստ նրա, առկա որոշ խնդիրներ իրենց լուծումը կստանան, երբ Արմավիրում ավարտվի նոր գաղութի կառուցման շինարարական աշխատանքները:
2011-ի հունիսի 12-ից մինչև այս տարվա հունիսի 12-ը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի նյութերի նախապատրաստման բաժին ստացվել է 477 դիմում-բողոք:
Նատորիատի և ՔԿԱԳ մարմինների հետ կապված հիմնական բողոքները եղել են նոտարների կողմից օրենսդրությամբ սահմանված սակագների չափը գերազանցող գումարների գանձնման մասին: Ըստ ԱՆ պաշտոնյայի, նշված խնդիրը ներկայումս լուծված է:
Ն. Փանոսյանն ասաց, որպեսզի քաղաքացիները ավելորդ ժամանակ չվատնեն ու նոտարական գործողությունների հետ կապված տուրքը բանկում վճարեն, նոտարական գրասենյակներում տեղադրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաներ: Քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքների հիման վրա յոթ նոտարի նկատմամբ հարուցվել են կարգապահական վարույթներ, որոնց արդյունքում վերջիններս ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:
Պետռեգիստերի գործունեության հետ կապված տեսչությունը նույնպես ստացել է բողոքներ, որոնք նույնպես ուսումնասիրության են ենթարկվել: Նորայր Փանոսյանի խոսքով, լուծվել են բոլոր այն խնդիրները, որոնք եղել են ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության լիազորությունների սահմաններում: