Պետք է ամուսնանալ 18 տարին լրանալուց հետո. Փոփոխության առաջարկ
Կառավարության` հուլիսի 12-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկված է Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու հարցը: Փոփոխությամբ սահմանվում է, որ ամուսնացողների 18-ին տարին պետք է լրացած լինի:
«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-123-Ն ընտանեկան օրենuգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը»,-ասված է փոփոխության մեջ:
Գործող օրենսդրության 10-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է.
1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու եւ կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի՝ կանանց համար՝ տասնյոթ, իսկ տղամարդկանց համար տասնութ տարեկան տարիքի հասնելը։
Ինչպես նշված է նախագծում, սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Օրենքը չի տարածվում այն ամուսնությունների վրա, որոնց պետական գրանցման համար ներկայացված դիմումները քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից ստացվել են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է.
1. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է տղամարդկանց և կանանց միջև գենդերային հավասարությունը ապահովելու համար:
2. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ներկայումս ընտանեկան օրենսգրքով ամուսնության կնքման համար տարիքային չափանիշ է սահմանված` կանանց համար` տասնյոթ, իսկ տղամարդկանց համար` տասնութ տարեկան տարիքի հասնելը:
3. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ
Սույն նախագծով կարգավորվում է գենդերային հավասարության խնդիրը` այսինքն` և կանանց, և տղամարդկանց համար սահմանվում է միևնույն ամուսնական տարիքը:
4. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Ներկայացված նախագծով վերացվում է, ամուսնության կնքման համար, կանանց և տղամարդկանց համար սահմանված տարիքային տարբերությունը: