«Հարսնաքարի» գործն ուղարկվեց դատարան
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Վ. Ավետյանին, Ա. Բայադյանին, Գ. Սողոմոնյանին, Է. Նիկոյանին և Ա. Աղաջանյանին դիտավորյալ առողջությանը մարմնական վնասվածքներ հասցնելու, որն առաջացրել է տուժողներից մեկի մահ, ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի` 6 մեղադրյալների մասով նախաքննությունը:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ, քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է հետևյալը.
ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի բժիշկ Արտակ Բայադյանը, կլինիկական օրդինատոր Գարիկ Սողոմոնյանը, նրանց ընկերներ Էդգար Նիկոյանը և Արկադի Աղաջանյանը 2012թ. հունիսի 17-ին` Արզնիում, նշել են Արկադի Աղաջանյանի ծննդյան տոնը:
Այնուհետև Վահե Ավետյանի առաջարկով` երաժշտություն լսելու և խնջույքը շարունակելու նպատակով, գնացել են Երևան քաղաքի Աճառյան 37 հասցեում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա սրահ:
Ռեստորանում մատուցող Դ. Ադամյանը, ով հայտնի է նաև Ալիկ անունով, Վահե Ավետյանին հայտնել է, որ սպորտային հագուստով մուտքն արգելվում է: Վերջինս գնացել է տուն, փոխել հագուստը և վերադարձել: Երբ նույն մատուցողը կրկին մոտեցել է նրանց սեղանին, Վահե Ավետյանը հարցրել է` գլխարկով ռեստորան մուտքն արգելվում է, թե` ոչ, որի պատճառով նրանց մեջ վիճաբանություն է առաջացել:
Վեճը շարունակելու նպատակով Դ. Ադամյանը ժամը 22:30-ի սահմաններում Վահե Ավետյանին հրավիրել է բակ` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ամառային սրահի ձախակողմյան մուտքի մոտ, որտեղ բռունցքով հարվածել է նրա դեմքին: Այնուհետև վիճաբանողներին են մոտեցել համալիրի աշխատակիցներ Գ. Մարգարյանը, Ա. Բաբլոյանը, Ա. Խաչատրյանը, Ն. Հայրապետյանը, Ա. Բաղդասարյանը և վեճը հարթելու պատրվակով Վահե Ավետյանին ու նրա ընկերներ Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Էդգար Նիկոյանին և Արկադի Աղաջանյանին ուղեկցել են ռեստորանային համալիրի բակում գտնվող ավտոկայանատեղի, որտեղ ընդհանուր միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով` միասին ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Վահե Ավետյանին դիտավորությամբ պատճառել են կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնք ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասին վերցրած, նրա առողջությանը անզգուշությամբ պատճառել են ծանր վնաս` 2012թ. հունիսի 29-ին առաջացնելով վերջինիս մահը:
Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել են միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ. Մարգարյանին, Դ. Ադամյանին, Ա. Բաբլոյանին, Ա. Բաղդասարյանին, Ա. Խաչատրյանին և Ն. Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 118-րդ հոդվածով:
Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
08.08.2012թ. որոշում է կայացվել` նշված հանցագործությանը մասնակցած, քրեական գործով ինքնությունը չպարզված անձանց վերաբերյալ մասն անջատելու մասին: Քրեական գործով քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները