Կարեն Բաբակեխյա՞նն է հովանավորել Սպարտակ Ղուկասյանի փախուստը. Պատասխանում է Շիրակի մարզի ոստիկանապետը
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ օգոստոսի 24-ին Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, երբ նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց, անցել է շուրջ քսան օր: Շուտով կլրանա ծեծկռտուքի մեկ ամիսը, սակայն Հայաստանի ոստիկանությանը չի հաջողվել գտնել Գյումրիում վախի մթնոլորտ տարածողի համբավ ունեցող Սպարտակ Ղուկասյանին:
Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից Panorama.am-ը փորձեց ճշտել` ի՞նչ փուլում է գտնվում Սպարտակ Ղուկասյանին փնտրելու գործընթացը
-Սպարտակ Ղուկասյանը գտնվում է հետախուզման մեջ:
-Փաստորեն, դեռ չեք գտել նրան:
-Կգտնենք, խնդիր չկա:
-Պարոն Բաբակեխյան, լուրեր են շրջանառվում, որ անմիջապես Ձեր հովանավորությամբ է կրտսեր Ղուկասյանը երկրից դուրս եկել: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Դուք ինքներդ, ի՞նչ կարծիքի եք այդ մասին:
-Թույլ տվեք իմ կարծիքը չհայտնել, ես Ձեզ եմ հարցնում:
-Չէ, դե դա անհեթեթություն է, դա առնվազն հիմար մարդը կարող է էդպիսի բան ասի:
-Լավ, մասնավորապես, ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում Ղուկասյանին գտնելու ուղղությամբ:
-Բոլոր օպերատիվ հետախուզական միջոցառումները:
-Ո՞ր երկրներին եք հարցում ուղարկել:
-Բոլոր, ինքը ֆեդերալ հետախուզման մեջ ա:
-Օրերս մամուլում լուր տարածվեց, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեկնել է Ֆրանսիա, դուք նրան հարցաքննե՞լ եք, գուցե ինքը որդու հետ է հանդիպել:
-Ինչի՞ համար ես իրան հարցաքննեմ:
-Գուցե Ղուկասյանը որդուն տեսակցելու է գնացել:
-Դե գիտեք, ես գուցեներով չեմ ապրում և չեմ աշխատում:
-Լավ, այսինքն դուք հույսեր ունեք, որ Սպարտակ Ղուկասյանը կգտնվի:
-Ես ոչ թե հույսեր ունեմ, այլ ես համոզված եմ, որ կգտնվի:
-Դուք գիտե՞ք նրա գտնվելու վայրը, որ համոզված եք, թե՞ վստահ եք ձեր ծառայության վրա:
-Էդ մի հարցն արդեն ավելորդ էր:
Պարոն Բաբակեխյանը այլ հարցերի ևս հրաժարվեց պատասխանել:
Հիշեցնենք, որ ոստիկանության հաղորդմամբ, օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովա և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն: Վիճաբանողները կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ` ծեծի են ենթարկել միմյանց, խուլիգանական հայհոյանքներ տվել, կրակոցներ արձակել: Նախաքննության ունեցած տվյալներով` վիճաբանությանը մասնակցել են Գյումրու բնակիչ Սպարտակ Ղուկասյանն (նախկին քաղաքապետի որդին է) ու քաղաքի ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը` իրենց ընկերների հետ: Օգոստոսի 30-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է խուլիգանության մասնակից Պատվական Մ.-ն: Օգոստոսի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով Հարություն Հ.-ն կալանավորվել է:
Խուլիգանության մյուս մասնակիցներ Կարապետ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և հայտարարվել հետախուզում, իսկ Արտաշես Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և նույնպես հայտարարվել հետախուզում:
Նախաքննություն իրականացող ոստիկանության բաժնի ձեռք բերված ապացույցների հիման վրա Սպարտակ Ղուկասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ 258 հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ մասի և 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դատարանի որոշմամբ, Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջով ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում