Կոռումպացվածը գրողն ա. Վարդան Այվազյանը հայտնի հոդվածի առնչությամբ արդարանալու փորձեր է անում
Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը տարակուսած է. «Հետք» էլեկտրոնային պարբերականում տպագրված հոդվածը իր մոտ մի քանի հարցեր է առաջացրել: «Շատ եմ ցանկանում այդ վճիռն ունենալ: Այդ ինչպե՞ս է, որ 2008-ին վճիռ են կայացրել, 2012-ին խոսում են այդ մասին: Եկեք, գործը վերցրեք, հետաքննություն անցկացրեք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հոդվածում հրապարակված վճռի մասին, հայտարարեց ԱԺ պատգամավոր, նախկին նախարար Վարդան Այվազյանը:
Նշենք, որ «Հետք»-ը գրել էր, որ «սեպտեմբերի 6-ին Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել Կատարողական թերթ՝ Վարդան Այվազյանի հանդեպ կատարման համար հոգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի («ԳԳՄ»)։ Կատարողական թերթը տրամադրվել է դատավոր Զեյ Փոլ Օտկենի (J. Paul Oetken) որոշման հիման վրա եւ այդ որոշումը (թիվ. 12,1260) առանց բողոքարկման, վերջնական ուժի մեջ մտնելուց հետո։ Կատարման թերթի պայմաններով ԳԳՄ-ի օգտին կայացրած որոշմամբ պետք է գանձվի երեսունյոթ միլիոն հինգ հարյուր երեսունյոթ հազար ինը հարյուր յոթանասունութ ԱՄՆ դոլար եւ երկու ցենտ ($37,537,978.02)»:
Այվազյանի խոսքով, Միջազգային արբիտրաժային դատարանը մերժել է «պարոն Այվազյանի կողմ լինելու մասին հայցը` անհիմն լինելու պատճառաբանությամբ»: «Այդ ո՞նց եղավ, որ Միջազգային արբիտրաժային դատարանը մերժում է, բայց Հարավային շրջանի դատարանը որոշում է կայացնում, կամ այդ ինչպես եղավ, որ 2008-ին որոշում է կայացվում, բայց 2012-ին այդ մասին հրապարակվում է: Ես պատասխան ունեմ տալու միայն իմ ժողովրդի, իմ ընտրողների առջև», -նկատեց Այվազյանը:
Հավանական պատճառը, ըստ Այվազյանի, այն է, որ ինքը խորհրդարանում գունավոր մետաղ արտադրողների առջև, որոնք վտանգավոր թափոններ են առաջացնում, հարկային մեծ պարտավորությունների հարց է բարձրացնում. նրանք պետք է վճարեն այդ թափոնների համար ու վճարեն մեծ գումարներ:
Դիտարկմանը, թե հրապարակված հոդվածում նախկին նախարար Վարդան Այվազյանի «կոռումպացված ու ոչ պատշաճ պահանջների մասին է» խոսք գնում, պատգամավոր Այվազյանը շտապով արձագանքեց. «Կոռումպացվածը գրողն ա: Չարությունը ոմանց որդի պես ուտում է, հասկանում եմ, որ փող աշխատելը լավ բան է, բայց ոչ հոգեվաճառությամբ: Մարմնավաճառությունը ավելի լավ է տարբերակ է, քան հոգեվաճառությունը»:
Նա տեղեկացրեց, որ հիմա փորձում է իրավաբան վարձել, որը կուսումնասիրի տվյալ վարչական շրջանի օրենսդրությունը: «Եթե մեղավոր եմ ամբողջապես կտամ էդ գումարը, ուզում եք` կգնամ կնստեմ հուր-հավիտյան», -ժպիտով նկատեց նախկին նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին