Քաղաքաշինության նախկին նախարար. Չեմ կարծում, որ ինձ կկանչեն հարցաքննության որպես վկա
«Ես տեղյակ եմ, որ Հանրային գրադարանի շինարարության հետ կապված գործերը հանձնել են դատախազություն, իսկ ինչ վերաբերում է քրեական գործին և իմ վկա լինելուն, ես տեղեկություն չունեմ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով քրեական գործի և դրա շրջանակներում իր` հնարավոր վկա լինելու մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը:
Պարոն Վարդանյանից հետաքրքրվեցինք` եթե քրեական գործ հարուցվի հնարավոր համարո՞ւմ է, որ դրա շրջանակներում ինքը կանչվի հարցաքննության, քաղաքաշինության նախկին նախարարը նախ դժգոհեց հարցից` ասելով, «նորմալ հարց տվեք», իսկ երբ վերաձևակերպեցինք նույն հարցը, պատասխանեց. «Չեմ կարծում» ու անջատեց հեռախոսը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 15-ին կառավարությունում տեղի ունեցած հայտնի խորհրդակցությունից հետո, որտեղ նախագահը դժգոհություն հայտնեց Հանրային գրադարանի վերանորոգման աշխատանքներից, քաղաքաշինության նախարարությունում իրարանցում սկսվեց: Մասնավորախես, քաղաքաշինության «Օրինաց երկիր»-ական նախարար Սամվել Թադևոսյանը այդ հարցով խորհրդակցություն հրավիրեց, որի ընթացքում հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում ամփոփել ուսումնասիրությունները և նյութերը հանձնել իրավապահ մարմիններին:
Իսկ ահա հինգշաբթի ՀՀ կառավարության նիստում քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ներկայացնելով Հայաստանի Ազգային գրադարանի շենքի վերանորոգման աշխատանքներում արձանագրված թերությունները, նշել էր, որ ուսումնասիրություններն արդեն իսկ ավարտել են և ներկայումս ամփոփում են դրանց արդյունքները:
Ըստ նրա` գրադարանի շենքի հիմնանորոգման նպատակով 2005 թ-ին կազմվել է տվյալ աշխատանքների նախահաշիվ: Գրադարանի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2008 թ-ին և ավարտվել 2011-ին` ծախսվելով 690 մլն դրամ: Նախարարն ասել էր, որ հիմնանորոգման աշխատանքների ժամանակ չեն իրականացվել նախագծով նախատեսված շենքի սեյսմակայունության բարձրացման աշխատանքները, հիմնական աշխատանքները սխալ հերթականությամբ են կատարվել, նախապատվությունը տրվել է ներքին հարդարման աշխատանքներին: Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում չի ապահովվել ջեռուցում և օդափոխություն, իսկ դրա համար հատկացված գումաներով կատարվել են այլ աշխատանքներ:
Աշխատանքների մի մասն անորակ է կատարվել, հակահրդեհային համակարգի տեսակի ընտրությունը կատարվել է ոչ ճիշտ` անտեսելով Ազգային գրադարանի պրոֆիլային ուղղվածությունը: «Սա նշանակում է, որ 2008-2011թթ-ին կատարված աշխատանքների զգալի մասը պետք է կրկին իրականացվի, ինչպես նաև պետք է պարտադիր կատարվեն 1937 թվականին կառուցված շենքի հիմքերի ուժեղացման աշխատանքներ»,- ասել էր քաղշիննախարարը:
Նշենք, որ քաղաքաշինության նախարարությունը 2008-2012 թվականներին կոալիցիոն կառավարության շրջանակներում հանձնվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և նախարար Վարդան Վարդանյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին