«Սիվիլիթաս»-ի դատական գործընթացին, փաստաբանի կարծիքով, կհաջորդի Օսկանյանի անձեռնմխելիության հարցը
«Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ փաստաբան Արթուր Գրիգորյանը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի այսօր կայացրած որոշումը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում պատասխանելով Panorama.am-ի հարցին, հայտարարեց փաստաբանը: «Եթե Վճռաբեկ դատարանը իրեն բնորոշ ոճով որոշում կայացնի, ապա այդ դեպքում հարցը կնքննարկենք` միջազգային ատյաններ դիմելու համար», -հավելեց Գրիգորյանը:
Վճռաբեկ դատարանը, փաստաբանի ներկայացմամբ, իրականացնում է «ռևիզիայի ֆունկցիա, այսինքն` մահակային սիստեմով բոլոր դատավորներին ստիպում է ընդունել այն որոշումները, որոնք իրենց նախադեպերին չհակասեն»:
Գրիգորյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը կանխատեսելի էր, քանի որ դատարաններն այսօր օժտված չեն անկախությամբ: «Արդյոք այսօրվա մեր դատարանները պատրաստ են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան վարչության որոշումը վերացնեն: Եթե վերացներ, դա կհամարվեր «չէպէ»», -հավելեց Գրիգորյանը:
Panorama.am-ի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ դատական այս գործընթացին հաջորդի, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը, Գրիգորյանը պատասխանեց, որ այդպիսի տեղեկություն չունի, բայց իր կարծիքով, ամեն ինչ էլ հնարավոր է:
«Ես ոչինչ չեմ բացառում, մանավնդ որ բազմիցս արծարծվել է այն հարցը, որ այս դատավարությունը կրում է քաղաքական հետապնդման տարրեր և գնալով, ճիշտն ասած, այդ համոզմունքն ամրապնդվում է», -հավելեց փաստաբանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Panorama.am-ը, այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր «Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի բողոքը` Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բեկանելու մասին: Սակայն Վերաքննիչ դատարանի դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը մերժել էր բողոքը:
Հիշեցնենք ` Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 8-ին մերժել էր փաստաբանի դիմումը և չէր վերացրել Ազգային անվտանգության ծառայության կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով (ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) քերական գործ հարուցելու մասին որոշումը:
Սալբի Ղազարյանը ԱԱԾ քննիչին շնորհակալություն հայտնեց «Սիվիլիթաս»-ի շահերը պաշտպանելու համար (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները