Դատավորը դահլիճում քմծիծաղող էր փնտրում. ՀԱԿ ակտիվիստների գործը Վերաքննիչ դատարանում է
Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գևորգյանի և Արտակ Կարապետյանի փաստաբաններ Վահե Գրիգորյանի ու Ստեփան Ոսկանյանի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանի այսօր մեկնարկած նիստում քննվում է վերաքննության կարգով: Իսկ դա նշանակում է, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննված գործը նոր քննություն կանցնի:
Կողմերին իրենց պարտականությունների մասին տեղեկացնելուց հետո, նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը հնարավորություն տվեց, որ Առաքելյանի պաշտպան Վահե Գրիգորյանը ներկայացնի վերաքննիչ բողոքում նշված դիտարկումները: Փաստաբանն ասաց, որ իրենք վերաքննիչ բողոքով խնդրում են կայացնել նոր դատական ակտ ու հռչակել գործով ամբաստանյալների անմեղությունը:
Նրա խոսքով, Տիգրան Առաքելյանի նկատմամբ վճիռը կայացվել է բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա, իսկ դատարանում հարցաքննված ոստիկաններն էլ ուղղորդված ցուցմունքներ են տվել: Ըստ փաստաբանի, ոստիկանների ցուցմունքներն ուղղորդվել են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից, որը հենց հաջորդ օրը, ասուլիսում յուրովի շարադրել է կատարվածի ողջ սցենարը: «Ոստիկանապետն իր հայտարարության մեջ անձնական վերաբերմունք է արտահայտել Տիգրան Առաքելյանի նկատմամբ, ինչն էլ կարող էր ուղղորդել ցուցմունք տված ոստիկաններին: Շատ դեպքերում ոստիկանները մոռանում էին ասել այն, ինչ իրենց ասել էին», -նկատեց փաստաբանը:
2011-ի օգոստոսի 9-ին տղաների նկատմամբ ոստիկանների վարքը, ըստ Վահե Գրիգորյանի, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը անտեսել է: Մինչդեռ, ոստիկանները կոպիտ վերաբերմունք են դրսևորել ու բռնություն կիրառել տղաների նկատմամբ:
Ինչ վերաբերում է ոստիկանական մեքենայում Տիգրան Առաքելյանի կողմից ոստիկան Տիգրան Ավետիսյանին խփելուն, ինչի հետևանքով կոտրվել էր նրա քթոսկրը, ապա Վահե Գրիգորյանն ասաց, որ հարվածը միտումնավոր չի եղել, այլ` նեղ պայմաններում (չորս մարդու համար նախատեսված մեքենայի մեջ տեղավորել են վեց մարդ) գլուխը բարձրացնելուց միամիտ հարված է եղել ոստիկանի քթին:
Նիստի սկզբում, երբ նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը կարդում էր մեղադրական եզրակացությունը, կարդալու ընթացքում իրեն թվում էր, որ դահլիճում ինչ-որ մեկը քմծիծաղ է տալիս և մի քանի անգամ բարկացած հարցրեց` ո՞վ է քմծիծաղում: «Ես խնդրում եմ դուրս գալ, եթե չեք զսպում ձեզ», -ասաց դատավորը և քմծիծաղ տվողին չգտնելով, շարունակեց կարդալ:
Հիշեցնենք` հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Մյուս ակտիվիստներ Արտակ Կարապետյանը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
Մեղադրող կողմը Վերաքննիչ քրեական դատարանում ներկայացնում է դատախազ Հակոբ Մարտիրոսյանը: Դատավորների կազմում են բացի Դանիելյանից, նաև Աղրամանյանն ու Թադևոսյանը:
Մինչև դատական նիստի մեկնարկը Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց փոքր ակցիա տեղի ունեցավ, և մի խումբ մարդիկ` «Բորենիներ թաթներդ հեռու մեր տղաներից», «Ազատություն մեր տղաներին» գրություններով պաստառներով պահանջում էին ազատ արձակել երիտասարդներին: