Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել 200 մլն դրամ յուրացնելու համար. Սպասվում է ևս մեկ ձերբակալություն
Կենսաթոշակների թալանի գործով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանին և նույն ծառայության կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (յուրացնելը), 314-րդ հոդվածով (պաշտոնական կեղծքի) նախատեսված արարք կատարելու համար: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ նախկին և ներկա պաշտոնյան ձերբակալվել են:
Նրանց հետ միասին ձերբակալվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Նրան մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով, 314-րդ հոդվածով՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Խաչիկյանը մասնավորապես, մեղադրվում է 200 մլն դրամ յուրացնելու համար:
Սոնա Տռուզյանի տեղեկացմամբ, դատարան կներկայացվի միջնորդություն՝ Խաչիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին:
Այսօրվա դրությամբ դրությամբ մեղադրանք է առաջադրվել 29 անձանց: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է:
Մեր տեղեկություններով, այս գործի շրջանակներում սպասվում է ևս մեկ ձերբակալություն:
Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք և կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
Սեպտեմբերի 18-ի դրությամբ քրեական գործից անջատվել և դատարան են ուղարկվել 3 քրեական գործեր՝ 12 անձանց վերաբերյալ, որոնցով կայացվել են մեղադրական դատավճիռներ:
Նախորդիվ`
Վազգեն Խաչիկյանը ձերբակալվել է (լրացված)