Օսկանյան. Գլխավոր դատախազի միջնորդագիրը քաղաքական պատվեր է
«Պատգամավորական անձեռնմխելիությունից ինձ զրկելու գլխավոր դատախազի՝ Ազգային ժողով ներկայացրած միջնորդագիրը միանշանակորեն համարում եմ քաղաքական պատվեր», -անդրադառնալով Աղվան Հովսեփյանի կողմից սեպտեմբերի 26-ին ԱԺ ներկայացված պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդագրին, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը:
«Առաջին օրվանից, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հարուցեց քրեական գործը, ինձ համար պարզ էր, որ սա քաղաքական պատվեր է, քանի որ հարուցված գործը զուրկ էր որևէ իրավաբանական բովանդակությունից:
Ես պաշտոնապես դեռ չեմ ստացել անձեռնմխելիությունից ինձ զրկելու միջնորդագիրը, ուստի չեմ ուզում ենթադրել՝ կոնկրետ ինչ մեղադրանք է լինելու: Մինչ այժմ խոսքը եղել է «փողերի լվացման», «հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափելու» կամ «գումար յուրացնելու» մասին: Չեմ զարմանա, եթե այլ անհեթեթ մեղադրանքներ լինեն:
Անկախ նրանից, թե այս անգամ ինչ մեղադրանք են նախատեսել ինձ համար, դա որևէ իրավական հիմք չի կարող ունենալ:
Ինձ համար սա քաղաքական պայքարի նոր հանգրվան է: Չնայած որ պայքարի այս հարթությունը իմ հարթությունը չէ, բայց ես պատրաստ եմ մինչև վերջ պայքարել: Եթե այս ամենի նպատակը իմ քաղաքական գործունեությունը կաշկանդելն է և բոլոր բնագավառներում ձախողած իշխանությունների նկատմամբ իմ քննադատությունը լռեցնելը, ապա միանաշանակ կարող եմ ասել, որ իշխանությունները նաև այս հաշվարկներում են սխալվել:
Ես պատրաստ եմ թեկուզ այս պայմաններում և այս հարթության վրա շարունակել իմ պայքարը երկրում իրական փոփոխությունների հասնելու համար», -ասված է Վարդան Օսկանյանի տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 26-ին Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր`«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Միջնորդագիրը վերաբերում է բացառապես Վ. Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու խնդրին և խափանման միջոցի հարց չի բարձրացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները