Նախկին նախարարը հարցաքննությա՞ն է կանչվել
Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր հարցաքննության է հրավիրվել ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը: Այս մասին գրում է «Փաստինֆո» գործակալությունը:
Վարդան Վարդանյանի փոխարեն Panorama.am-ի հեռախոսազանգին պատասխանեց նրա վարորդը: Ասաց, Վարդանյանը հիմա չի կարող խոսել, կփոխանցի զանգի մասին: Վարորդն ասաց, թե տեղյակ չի, իր «շեֆ»-ը ոստիկանություն կանչվե՞լ է, թե՞ ոչ:
Ոստիկանությունից խոստացան հարցի վերաբերյալ պարզաբանում տալ քիչ անց:
Ավելի վաղ Panorama.am-ին Վարդան Վարդանյանը ասել էր, թե չի կարծում, որ իրեն այդ գործով որպես վկա հարցաքննության կանչեն:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական և առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:
Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ 2005թ., այնուհետև` 2008-2010թթ. ընթացքում կազմված, ապա լրամշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա իրականացվող աշխատանքները նախ կազմել են 305 000 000 դրամ, ապա` 709 641 000 դրամ: Նախաքննության տվյալներով` գրադարանի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են քաղաքաշինական նորմերի խախտումներով: Բացի այդ, աշխատանքներն իրականացնող ՍՊ ընկերությունների կողմից կազմված կատարողական ու ավարտական ակտերում օգտագործված նյութերի և ապրանքների ծագումն ու բնութագիրը փոփոխելու, կատարված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար: Իսկ համապատասխան պաշտոնատար անձինք ստորագրել են հավելագրումներով կազմված կատարողական ու ավարտական ակտերը և հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ և պատշաճ կատարված լինելու մասին տվել դրական եզրակացություններ:
Արդյունքում` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող, էական վնաս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
Նշենք, որ քաղաքաշինության նախարարությունը 2008-2012 թվականներին կոալիցիոն կառավարության շրջանակներում հանձնվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և նախարար Վարդան Վարդանյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին