«Գոմեշի մսի գործ». Հարցաքննվե՞լ է Արշալույս Փայտյանը
Հայաստանի պաշտպանության բանակի պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, և Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը առայժմ չի հրապարակում` հարցաքննվե՞լ է ՊՆ Զինված ուժերի շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ փաստը հայտնաբերվել էր «Հետք» էլեկտրոնային կայքում տպագրված հոդվածի հետքերով և քրեական գործը հարուցվել էր այս տարվա հունիսին` բանակի պարենային պահեստում ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա: Հենց այդ ժամանակ էր, որ աշխատանքից ազատվեց ՊՆ Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը:
Այս քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի սկզբին մեղադրանք էր առաջադրվել Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանին, որը կալանավորվել էր և այժմ սրտի հետ կապված հիվանդության պատճառով գտնվում է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Ըստ պաշտոնական տեղեկատվության, հենց այս կոմբինատն է բանակ մսի մատակարարը: Օհանջանյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` «խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»:
Ներկայացնելով նախաքննության որոշ տվյալներ` Մերի Սարգսյանը Panorama.am-ին ավելի վաղ ասել էր, որ Բրազիլիայից ներկրված ժամկետանց գոմեշի մսի մասին հանգամանքը հերքվել է և խոսք կարող է գնալ միայն մատակարարված մսի մեջ գոմեշի մսի առկայության մասին: ՊՆ քննչական ծառայության սպան նաև նշել էր, որ քննարկման փուլում է մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու հարցը, եթե նրանց գործողություններում առկա են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործունների հատկանիշներ:
Ալբերտ Օհանջանյանի պաշտպան, Փաստաբանների պալատի փաստաբան Լուսինե Սահակյանը Panorama.am-ին տեղեկեցրեց, որ Ալբերտ Օհանջանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ալբերտ Օհանջանյանի առողջական վիճակի և գործին վերաբերող այլ տեղեկություններ տիկին Սահակյանը հրաժարվեց տալ` ասելով. «Երբ ժամանակը գա, միանգամից կասեմ, ամեն ինչ միանգամից»:
Նախորդիվ`
«Գոմեշի մսի» գործով մեղադրանք է առաջադրվել Կապանի մսի կոմբինատի տնօրենին
«Գոմեշի մսի գործ»-ով մեղադրյալը սրտի իհշեմիկ հիվանդությամբ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում է