««Նուբարաշեն»-ի աշխատակիցը դատապարտյալի նկատմամբ պատիվը նվաստացնող վերաբերմունք է ցուցաբերել». Նամակ պաշտպանին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը նոյեմբերի 16-ին գնացել է ահազանգի հետևից և հանդիպել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ինքնավնասման սպառնալիք ներկայացրած դատապարտյալ Արտակ Աբրահամյանի հետ:
ՄԻՊ աշխատակազմի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ մինչ արագ արձագանքման բաժնի աշխատակիցները կհասնեին քրեակատարողական հիմնարկ, դատապարտյալը, հիմնարկի վարչակազմի հետ զրուցելուց հետո, արդեն քանդել էր կարված բերանն ու աչքերը և ժամանակավորապես դադարեցրել հացադուլը՝ պայմանով, որ վարչակազմը կլուծի իր խնդիրները:
Ըստ աղբյուրի, դատապարտյալ Արտակ Աբրահամյանը Մարդու իրավունքների պաշպանին դիմում է ներկայացրել, որտեղ մասնավորապես, հայտնել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկը իր նկատմամբ բազմիցս ցուցաբերել է պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, և եթե վարչակազմն իր այդ խնդրին լուծում չտա, նա դիմելու է ծայրահեղ քայլերի՝ ընդհուպ մինչև ինքնասպանության:
Նախորդող լուր. «Նուբարաշեն»-ում դատապարտյալը սպառնում է ինքնախեղման դիմել