«Մատաղիսի» գործի հանգուցալուծումը մոտենում է
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվելու է «Մատաղիսի» գործով դատական նիստը: Այս նիստում սպանված զինծառայողներից Հովսեփ Մկրտումյանի հայրը` Մովսես Մկրտումյանը հանդես է գալու պաշտպանական ճառով:
Նախորդ նիստում մեղադրող կողմը փոխել էր մեղադրանքը և միջնորդել էր Ռազմիկ Սարգսյանին մեղավոր ճանաչել Քրօր 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով ու դատապարտել 7 տարվա ազատազրկման, Արայիկ Զալյանին և Մուսա Սերոբյանին նույն մեղադրանքով դատապարտել 8-ական տարվա ազատազրկման։ Նշենք, որ ողջ մեղադրանքը կառուցված է Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքի վրա, որը, ինչպես պաշտպան Հայկ Ալումյանն էր հայտարարել, Ռազմիկը տվել է խոշտանգումների ներքո:
Հիշեցնենք, որ 2005 թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր էր ճանաչել «Մատաղիսի» զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին նույն զորամասի երկու զինծառայողների սպանության համար և դատապարտել 15 տարվա ազատազրկման։
Զինվորական դատախազությունը (այն ժամանակ զինդատախազը ներկայիս ընդդիմադիր Գագիկ Ջհանգիրյանն էր) բողոքարկել է դատավճիռը՝ միջնորդելով ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։ Ամբաստանյալներն իրենց հերթին բողոքարկել են դատավճիռը՝ հերքելով իրենց մեղսագրվող արարքները և խնդրել են վերանայել գործը։ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006 թ. մայիսի 30-ին Ա. Զալյանին, Ռ. Սարգսյանին և Մ. Սերոբյանին դատապարտել է ցմահ ազատազրկման։
Սպանված զինծառայողներից մեկի` Հովսեփ Մկրտումյանի հայրը` Մովսես Մկրտումյանը, ելնելով գործում առկա բազմաթիվ հակասություններից, ներկայացրել է վճռաբեկ բողոք, որտեղ նշել է, որ գործի քննությունը կատարվել է քրեական դատավարության նորմերի խախտումներով, որոնք ազդել են գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության վրա, որի արդյունքում զինծառայողների սպանության իրական կատարողները երկու դատավարությունների ընթացքում չեն մեղադրվել, գտնվել են ազատության մեջ, և նրանց փոխարեն ցմահ ազատազրկման են դատապարտվել երեք անմեղ զինծառայողներ։
2006 թ. դեկտեմբերի 22-ին, սպանությունից մոտ երեք տարի հետո, ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է տուժողի իրավահաջորդի՝ սպանված զինծառայողի հոր ներկայացուցչի բողոքը, բեկանել է Ռ. Սարգսյանի, Մ. Սերոբյանի և Ա. Զալյանի վերաբերյալ դատավճիռները և քրեական գործն ուղարկել նոր նախաքննության։ Այժմ երեք երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ դատավարությունը շարունակվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: 2012-ի հոկտեմբերի 30-ին այս գործով դատարանը անցել է դատական վիճաբանությունների փուլ, երբ գործով մեղադրողները պետք է հանդես գային իրենց ճառով, սակայն դրանից հետո, մինչ օրս, որի ընթացքում արդեն իսկ նշանակվել է 4 դատական նիստ (նոյեմբերի 7-ին, 14-ին, 19-ին, 23-ին), մեղադրողները տարբեր պատրվակներով, մասնավորապես արձակուրդում գտնվելու, հիվանդ լինելու կամ գործի նյութերին չտիրապետելու պատրվակներով, ձախողել են դատական նիստերը:
Նախորդող հրապարակումներ. «Մատաղիսի գործ». Սպանված զինծառայողի մայրը հիշում է` ինչպես Ջհանգիրյանը փախավ դատարանի դահլիճից
...Երբ իրավապահ մարմինները մնացել են մի կնոջ հույսին. «Մատաղիսի գործ»
Մատաղիսի գործով մեղադրող կողմը փոխել է մեղադրանքը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան