ԱԺ նախագահը հանդիպել է Մհեր Արշակյանի հետ և կատարվածի համար ցավ հայտնել
Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ իր աշխատասենյակում հանդիպում է տեղի ունեցել ԱԺ նախագահի և «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի միջև: Ինչպես հանդիպումից հետո Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց լրագրող Մհեր Արշակյանը, Հովիկ Աբրահամյանը իր գործընկերոջ արարքի համար ցավ ու ափսոսանք է հայտնել և փորձել է հասկանալ ինչ իրավիճակում է տեղի ունեցել դեպքը: «Ես ասացի, որ ոչ մի իրավիճակ էլ չի եղել, ես պարզապես մոտեցել եմ և ուղղել իմ հարցը, ինչին պատգամավորն այդպես է արձագանքել», -փոխանցեց լրագրողը:
Ըստ Արշակյանի, ԱԺ նախագահը փորձել է նաև պարզել, թե որևէ միտում լրագրողը տեսնո՞ւմ է Մհեր Սեդրակյանի արարքի մեջ: «Ես ասացի, որ այո, տեսնում եմ, որովհետև պատգամավորն ասել էր` ես ձեզ մարդատեղ եմ դնում, չափը անցնում եք», - ասաց լրագրողը:
Panorama.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ազգային Ժողովում, երբ քննարկվում էր Էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ հարցը իրեն նույն թեմայի վերաբերյալ հարց տալու նպատակով մոտեցած «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը սպառնացել է՝ ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:
Լրագրողից հրապարակավ իրենց կուսակից պատգամավորի փոխարեն ներողություն են խնդրել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Սակայն Մհեր Սեդրակյանը «1in.am»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել:
Այդ կապակցությամբ «Facebook» սոցիալական ցանցում բազմաթիվ լրագրողներ համախմբվել են և պատրաստվում են նամակով դիմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ պատգամավորին պարտադրելու ներողություն խնդրել լրագրողից: Լրագրողները պատրաստվում են նաև դիմել Էթիկայի հանձնաժողով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան