Պատգամավոր Միքայել Մելքումյանի «գործով» Էթիկայի հանձնաժողովում սկսել են փաստեր հավաքել
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը պատրաստվում է փաստեր ու ապացույցներ հավաքագրել` պարզելու մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանն արդյո՞ք խախտել է պատգամավորական էթիկան:
Հիշեցնենք` Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը այսօրվա նիստում որոշել էր սկսել «Ռազմավարական մշակումներ կենտրոն» ՀԿ-ի դիմումի քննությունը: Գործով ներկայացուցիչ էր նշանակվել հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Արծվիկ Մինասյանն ասաց, որ առաջիկա 30 օրերի ընթացքում, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, ինքը պետք է հավաքագրի ապացույցներ, փաստաթղթեր, որոնց հիման վրա էլ կձևկերպի տեսակետները: «Եթե 30 օրերի ընթացքում հնարավոր չեղավ այդ ամենն անել, ապա օրենքը մեզ հնարավորություն է տալիս ևս 10 օր երկարացնել ժամկետը», -նկատեց դաշնակցական պատգամավորը:
«Ռազմավարական մշակումների կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանը, որն էլ հենց դիմել էր Էթիկայի հանձնաժողովին, մեծ սպասումներ ունի հանձնաժողովից:
«Մենք կարծում ենք, որ պատգամավորի անվայել վարքի հանրային քննադատությունը պետք է տրվի Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ», -Panorama.am-ին ասաց Մելիք-Շահնազարյանը` միևնույն ժամանակ նկատելով, որ ճիշտ է նույն հանձնաժողովի որոշումը իրավական հետևանքներ չի ունենա, բայց փոխարենը հանրությանը կներկայացվի այդ պատգամավորի վարքի բնութագիրը:
Հիշեցնենք, որ «Ռազմավարական մշակումներ կենտրոն» ՀԿ-ն նամակ էր հղել ԱԺ Էթիկայի հանձնաժողովին` խնդրելով քննության առնել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի գործունեության մասին աղմկահարույց հոլովակում բացահայտված փաստերը:
«Շարքային մահկանացուի համար ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանել է պատիժ 188-րդ հոդվածով` ապօրինի ձեռնարկատիրություն։ Կարծում ենք, որ այն կիրառելի է նաև պատգամավորի նկատմամբ։ Եթե պարոն Մելքումյանը պնդում է, որ տարածքները իրենը չեն, ինքը ձեռնարկատիրությամբ չի զբաղվում, և խարդախ էլ չի, ապա, դատելով իր բացատրություններից, զբաղվում է մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, օրինակ, բրոքերությամբ, որը ծառայությունների մատուցման ինքնուրույն գործունեության տեսակ է և կոչվում է ռիելտորական գործունեություն։
Երկու պարագայում էլ գործ ունենք նույն` ձեռնարկատիրությամբ զբաղվելու ինստիտուտի հետ, իսկ մյուս դեպքում՝ առնվազն խարդախության փորձի։ Բոլոր դեպքերում էլ, կամ գոնե առաջին երկուսում ակնհայտ է դառնում, որ բացահայտորեն խախտված է ՀՀ Սահմանադրության 65 հոդվածի պահանջները, իսկ խարդախության պարագայում քրեական օրենսգրքի»,-ասված էր նամակում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում