Ընտրությունների օրը բռնության ենթարկված լրագրողները կանչվում են բացատրություն տալու
Հայաստանի նախագահի ընտրությունների քվեարկության օրը լրագրողների նկատմամբ կատարված ոտնձգությունների վերաբերյալ ահազանգերը գտնվում են Գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում, և լրագրողներն արդեն իսկ կանչվել են բացատրություն տալու: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:
«Ահազանգերն ստանալուն պես դրանք ուղարկվել են ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարականով` սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել օբյեկտիվ իրականությունը պարզելու և մեղավոր անձանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու համար», -հավելեց Գլխավոր դատախազի մամլո խոսնակը:
Նշենք, որ այսօր լրագրողական ոը հասարակական մի շարք կազմակերպություններ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը դատապարտող հայտարարություն էին տարածել, որում նշված էր նման երկու դեպքի մասին:
Գլխավոր դատախազի մամլո խոսնակն ասաց, որ նման հինգ դեպք է արձանագրվել` Երևանում, Շիրակում և Արարատի մարզում: Սոնա Տուզյանն ասաց, որ բոլոր այդ դեպքերն էլ առանձնացվել ու դրանց իրավական համապատասխան ընթացք է տրվել:
«Կատարվածի մանրամասները ներկայացնելու համար արդեն իսկ լրագրողները հրավիրվել են բացատրություններ տալու: Սակայն նրանց որոշ մասը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարողանում ներկայանալ նախաքննական մարմին: Մի քանիսն ասել են, որ այսօր կներկայանան», հավելեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, Գլխավոր դատախազը հանձնարարել է, որ բոլոր նյութերը ներկայացվեն Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբ քննարկման:
Նախորդող հրապարակում. ՀԿ-ներ. Հայաստանում քաղաքական լարված իրավիճակներում սաստկանում են լրագրողների նկատմամբ ճնշումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան