«Քեզ կգլխատեմ», «ոսկորներդ փոշի կանեմ». Ոստիկանապետը սպառնացե՞լ է Վարդգես Գասպարիին
Ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր տարվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աշխատասենյակ, այն պահին երբ «առավոտյան ժամը 8:30-ին Թումանյանի թանգարանից ներքև Վ. Գասպարյանի տան մոտակայքում կանգնած էի իմ պաստառով...»:
Գասպարիի Ֆեյսբուքյան գրառման համաձայն, իրեն երկու բերետավորներ հարկադրաբար նստացրել են սև ջիպն ու տարել ոստիկանության` Նալբանդյան փողոցում գտնվող շենքի վերջին հարկ` ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի մոտ:
«Սենյակից դուրս եկավ Գասպարյանը և նախ քաղաքավարի հրավիրեց իր սենյակ «զրուցելու»... Չստանալով ինձանից ոչ մի պատասխան աստիճանաբար անցավ սաստելու, զգուշացնելու, ապա նաև սպառնալիքներ տալու, որ այլևս իր տան մոտ ակցիա չանեմ... ասաց, որ ակցիա անելու դեպքում, դա կդիտարկի անձնական հարց և շատ խիստ է հակադարձելու, որ չի ներելու անձնական խնդիրը...(արդեն ենթակաները բերել էին աթոռ և ինձ նստցրել աթոռին)... իսկ Գասպարյանը շարունակելով զգուշացնելը, և սպառնալիքներ իմ և իմ ընտանիքի հասցեին, մի քանի անգամ հարցրեց, որ արդյոք ես իրեն ճիշտ եմ հասկացել, հարցրեց` պայմանավորվեցի՞նք: Դարձյալ ինձանից չստանալով ոչ մի պատասխան ավելի ու ավելի զայրացավ, սկսեց հայհոյել ամենայն կատաղությամբ, ասաց, որ ինքը 55 տարեկան է և կյանք է տվել այս երկրի համար և... դարձյալ ինձանից չստանալով ոչ մի արձագանք կարգադրեց` «Էստեղից սրան տարեք»: Երբ ենթակաները փորձեցին ինձ կանգնեցնել և տանել ես խնդրեցի ինձ տալ բերման ենթարկելու արձանագրությունը:
Այս պահին էր, որ ոստիկանապետը կորցրեց ինքնատիրապետումը, տվեց ոստիկանին վայել վերջին սեռական հայհոյանքները իմ և իմ ծնողների հասցեին... իբր փորձեց բռունցքներով հարձակվել ինձ վրա և իբր իր ենթակաները պահեցին նրան... Ոստիկանապետին հատկապես կատաղեցնում էր, որ ես իրեն չէի պատասխանում: Հայհոյանքի հետ միասին արդեն ոչ քողարկված տվեց սպառնալիքները` «քեզ կգլխատեմ», «ոսկորներդ փոշի կանեմ» և այլ սպառնալիքներ»:
Դրանից հետո, Գասպարիի ներկայացրածի համաձայն, իրեն իջացրել են, մոտ կես ժամ պահել բակում, ապա մեքենայով տեղափոխել Իսահակյան փողոց:
Ոստիկանությունից խոստացան պարզաբանում տալ ավելի ուշ: