«Ժողովուրդ»-ը կարող է նախադեպ ստեղծել, եթե դիմի Սահմանադրական դատարան. Փաստաբան
Այսօր «Ժողովուրդ» թերթի հայցը մերժելը Հայաստանում ստեղծված հակասահմանադրական իրավիճակի հետևանք է:
Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, փաստաբան, տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արա Ղազարյանը` մեկնաբանելով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` «Ժողովուրդ» թերթի հայցը մերժելու մասին որոշումը:
Հիշեցնենք` թերթի լրագրող Սոնա Գրիգորյանը խնդրում էր գործարար Խաչիկ Խաչատրյանից ներողություն խնդրել հարցազրույց վերցնելու ընթացքում լրագրողին վիրավորելու և նրան «պռաստիտուտկա» անվանելու համար:
«Դատարանն այլ բան չէր կարող անել, որովհետև մենք Հայաստանում ունենք հակասահմանադրական իրավիճակ, այն է` ոչ հրապարակային վիրավորական կամ զրպարտող բյնույթի հայտարարությունների դեմ քաղաքացիները պաշտպանված չեն, որովհետև չկա իրավական կարգավորում», -հավելեց փաստաբանը
Նրա խոսքով, Քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածը և Վճռաբեկի նախադեպային որոշումը (2012 թվական) պաշտպանում են միայն հրապարակային հայտարարությունները:
Փաստաբանը մեկնաբանելով Վճռաբեկի նախադեպային որոշումը, ասաց, որ ձայնագրությունը, որը արված է հեռախոսով հրապարակայնություն չի կարող ապահովել: «Վճռաբեկ դատարանն ասում է, որպեսզի հրապարակային լինի հայտարարությունը պետք է այնպես լինի, որ հայտարարության պահին երրորդ անձը ՀԱՂՈՐԴԱԿԻՑ դարձվի: Հրապարակային չէ նաև, եթե նման դեպքերում անձը միջոցներ է ձեռնարկել, որպեսզի հայտարարությունը հրապարակային չդառնա, օրինակ, եթե Ձեզ էլեկտրոնային նամակ եմ ուղարկում և երրորդ անձին չեմ ուղարկում նույն նամակը, ապա դա ոչ հրապարակային հայտարարություն է համարվում: Իսկ ահա փողոցում մի քանիսի ներկայությամբ արված վիրավորանքը կարող է հրապարակային համարվել», -հավելեց փաստաբանը:
Եվ քաղօրենսգիրքը, և Վճռաբեկ դատարանը քաղաքացիներին չի պաշտպանում ոչ հրապարակային վիրավորական արտահայտություններից: «Այդ արտահայտությունների առջև մարդիկ անպաշտպան են, և սա հակասահմանադրական իրավիճակ է, ու «Ժողովուրդը» ունի հնարավորություններ և շատ օգտակար գործ արած կլինի, եթե այս գործը հասցնի մինչև վերջ ու դիմի Սահմանադրական դատարան», հավելեց փաստաբանը:
Բացի այդ, Սահմանադրական դատարան դիմելու համար այս պարագայում մեկ այլ բարենպաստ իրավիճակ էլ կա և դա Սահմանադրական դատարանի թիվ 914 որոշումն է, որի համաձայն «օրենսդրական բացը կարող է հանդիսանալ Սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ»:
«Շատ մեծ հնարավորություններ ունի «Ժողովուրդը» որ եթե այս գործը տանի Սահմանադրական դատարան կարող է ստեղծվել նախադեպ կամ Սահմանադրական դատարանի որոշում, որից հետո օրենսդիրը փոփոխություններ կանի օրենքում», -նկատեց փաստաբանը:
Ահա հենց այս հակասահմանադրական իրավիճակում դատարանը, ըստ Արա Ղազարյանի, որոշում է կայացրել, և դա օրինաչափ որոշում է ու բխում է օրենքից: «Դատարանն այլ որոշում չէր կարող ընդունել, նա մեկնաբանել է, հիմնվել է իր նախադեպային որոշումների վրա: Օրինաչափ որոշում է, բայց օրենքը չի արտահայտում իրավունքը իր ամբողջ ուժով, այսինքն` օրենքը թերի է», -հավելեց փաստաբանը:
Նա ասաց, որ կխորհրդակցի Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամների հետ ու հնարավոր է ՏՎԽ-ն կարծիք կհրապարակի այս գործի առնչությամբ:
Նախորդող հրապարակում. «Պռաստիտուտկա»-ն վիրավորանք չէ՞. Դատարանը մերժել է «Ժողովուրդ» թերթի հայցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան