20-ամյա Մարոյի «ինքնասպանության գործով» հարցականներն ու կասկածները շատ են, բայց վարույթը կարճվել է
20-ամյա Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանությունը շարունակում է օրակարգային մնալ. թեև գործի վարույթը կարճվել է, այդուհանդերձ հարցերը մնում են օդից կախ և կասկածները` իրավապահ մարմինների նման գործունեությունից, գնալով ավելանում են: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբան Լուսինե Մինասյանը ներկայացրեց վերջին զարգացումները, ինչպես նաև լրագրողներին ցուցադրեց լուսանկարներ, որոնք նրա համար կասկածելի են դարձնում Մարոյի ինքնասպանությունը` ելնելով այն փաստից, թե ինչպիսի հետքեր են մնում դիակի վրա կախվելու միջոցով ինքնասպանությունից հետո:
Հիշեցնենք, 2012թ-ի ամռանը Առինջ գյուղում քսան տարեկան Մարո Գուլոյանին հայտնաբերել էին խալաթի գոտիով կախված տան լոգարանում: Մարոն մահվան պահին ուներ 2 տարեկան երեխա և հղի էր երկրորդ երեխայով: Ըստ գործի նյութերի` նրա ամուսնությունը եղել է անհաջող, ամուսնու հետ անընդհատ վիճաբանություններ են եղել, անգամ բանը հասել է բռնության, սակայն Մարոն ոչ մի անգամ ոստիկանությանը չի դիմել: Ամուսինը` Գևորգը, խաղամոլ է եղել, չի աշխատել, մշտապես պարտքերի մեջ է եղել:
Իրավաբանը նախևառաջ նշեց, որ այս գործը հատկապես կարևոր է այն իմաստով, որ անկախ նրանից մահացողը կին է, թե տղամարդ, «նման խնդրի առջև կարող է կանգնել մեզանից յուրաքանչյուրը» և որևէ վստահություն չունենալ, որ իրավապահ մարմինները հավուր պատշաճի կքննեն գործը.
«Քրեական գործը հարուցվել է հենց դեպքի օրը, տաս ամիս քննությունն ընթացել է, բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, այդ թվում և մեր նշանակած փորձաքննությունների արդյունքում բազմաթիվ հանգամանքներ են ի հայտ եկել: Օրինակ, մենք գտել ենք, որ դատաբժիշկը չի ֆիքսել բոլոր վնասվածքները, որոնք եղել են մարմնի վրա և ունենք նաև դրա ապացույց: Մեր պահանջով նաև իրականացվել է արտաշիրիմում, որից հետո անցկացվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: Ընդ որում` Մարոյի եղբայրը ինքն է ստիպված եղել իր քրոջը թաղած տեղից հանել»,- տեղեկացրեց իրավաբանը ու անցավ լուսանկարների, որոնց վրա պարզ երևում են վնասվածքներ, որոնցից շատերը դատաբժշկի կողմից չեն էլ արձանագրվել:
«Ինքնասպանության» կասկածելի հանգամանքներում ներկայացվեց նաև այն, որ բացարձակապես իրար չեն չեն համընկնում գործով վկաների վկայությունները, մասնավորապես` ամուսնու հորեղբոր կնոջ վկայությունը, ով հենց հայտնաբերել է Մարոյի դին:
Ի դեպ, հետագայում Կանանց ռեսուրսային կենտրոնի պահանջով փորձաքննություն է անցկացվել, որի համար կենտրոնը Մարոյի քաշով ու հասակով խրտվիլակ է պատրաստել, որպեսզի մարմինը հայտնաբերած կինը ցույց տա, թե ինչպես է տեսել, իջեցրել այն և այս դեպքում ևս շատ հարցեր են առաջ եկել, քանի որ իրականում այնպես մարմինն իջեցնել, ինչպես որ նա վկայություն է տվել, նրան չի հաջողվել:
Լ.Մինասյանը նշեց` շուրջ 10 ամիս տևած կասկածելի հանգամանքների մատնանշմամբ համալրված նախաքննության ավարտը իսկապես հաղթանակ է Աբովյանի քաղաքապետի ազգականներ Գուլոյանների համար, քանզի քրեական գործը լի է ակնհայտ հակասություններով, չափազանց կասկածելի զուգադիպություններով և անաչառ քննության իրականացման պարագայում գործով իրական եղելիությունը անկասկած կբացահայտվեր: Ու թեև տուժող կողմը նրա մասին, որ Կոտայքի մարզը այդպես էլ չկարողացավ անաչառ քննություն իրականացնել, տեղեկացրել է ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը և ՀՀ Գլխավոր դատախազությանը, այդուհանդերձ գործի քննությունը Կոտայքից Երևան տեղափոխելու պահանջին մեկ շաբաթ անց հաջորդել է քրգործի կարճման մասին որոշումը:
Ինչ վերաբերում է լրագրողներին ներկայացրած լուսանկարներին, ապա դրանցից երևում է, որ սովորաբար նման հանգամանքներով մահացածների մաշկի գույնը սևանում է, լեզուն է դուրս գալիս, աչքերի մեջ արյան զեղումներ են լինում և այլն...
«Նշված հատկանիշներից ոչ մեկը Մարոյի վրա չկար»,- փաստեց բանախոսը:
Նա նաև հիշեցրեց, որ քրգործը ի սկզբանե հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, սակայն դա էլ չի հաստատվել և իբրև թե «Մարոն ծանր է տարել ամուսնու ` իրեն խալի լվանալուց չօգնելու հանգամանքը և նա որոշել է ինքնասպանություն գործել».
«Այս պարբերությունը վերցված է դատահոգեբանական փորձաքննությունից, բայց չի վերցվել այն մյուս մասը, որտեղ նշվում է, որ շատ կասկածելի է այն, որ Մարոն ինքնասպանության է դիմել: Այսինքն վարույթ իրականացնող մարմինը վերցրել է այն մասերը, որոնք իրենց ձեռնտու են և հաստատել են ինքնասպանությունը: Մարոն անգամ գրություն չի թողել, ինչը սովորաբար արվում է կամ գուցե թողել է, բայց դրանում այնպիսի գրություն է եղել, որ դուրեկան չի եղել ոմանց… Ամեն դեպքում հիմա մենք հակված չենք հավատալ ինքնասպանության վարկածին և շարունակելու ենք պայքարել»,- հավելեց Լ.Մինասյանը: