Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Ադրբեջանցի գիտնականը ձերբակալվել է Իրանի օրենքները խախտելու մեղադրանքով
«Իրանում ոչ ոք առանց պատճառի չի ձերբակալվում»:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:
Իրանի դեսպանը ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով օրերս Իրանի անվտանգության ուժերի կողմից Ադրբեջանի ԳԱԱ գիտաշխատողի ձերբակալման փաստին, մասնավորապես նշել է. «Ադրբեջանի երկու քաղաքացիները ձերբակալվել են Իրանի օրենքները խախտելու համար: Իրանում ոչ ոք առանց պատճառի չի ձերբակալվում»:
Մոհսեն Փաքայինը նաև տեղեկացրել է, որ Ադրբեջանում այս պահին թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով Իրանի ավելի քան 130 ձերբակալված քաղաքացիներ կան:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ապրիլի 30-ին Իրանի անվտանգության ուժերը Թավրիզում 6 անձ են ձերբակալել, որոնցից երկուսը՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Նիզամիի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող Խալեդե Խալեդն ու նրա օգնականն են եղել:
Այդ առնչությամբ՝ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել էր Իրանի ԱԳՆ:
Նախորդող հրապարակում՝
Իրանի գլխավոր դատախազն ու ԱԳՆ ներկայացուցիչը անդրադարձել են Թավրիզում ադրբեջանցի գիտնականի ձերբակալման փաստին