Եթե ես այնտեղ լինեի, նման բան չէր լինի. Ռուբեն Հայրապետյանի ցուցմունքը (տեսանյութ)
Ռուբեն Հայրապետյանն ամեն ինչ կտար, որ հունիսի 17-ին ներկա լիներ իրենց ընտանեկան «Հարսնաքար» ռեստորանում,երբ ծեծի հետևանքով մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը։ «Եթե ես այնտեղ լինեի, նման բան չէր լինի։ Նրանք գիտեն, որ ես չեմ սիրում ցինիկություն»,-այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ում ընտանիքին էլ պատկանում է Հարսնաքար ռեստորանային համալիրը, փոխանցում է Ա1+-ը։
Այսօր պարոն Հայրապետյանն ինքնակամ էր ներկայացել դատարան՝ իր նախաձեռնությամբ ցուցմունք տալու՝ ռազմական բժիշկ Վահե Ավետյանին և նրա ընկերներին դաժան ծեծի ենթարկելու առիթով հարուցված քրեկան գործով: Ծեծի արդյունքում Վահե Ավետյանը գիտակցության չգալով մահացել էր: «Անընդհատ շահարկվում էր, որ ես վախենում եմ դատարանից, դրա համար ներկայացել եմ, եթե կան հարցեր, հարգելի դատարան, խնդրում եմ տվեք»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը։
Նա նաև նշեց, որ դեպքի մասին իրեն տեղեկացրել են հեռախոսով եւ ասել վիճաբանությունից հետո Վահե Ավետյանը և նրա ընկերները իրենց ոտքով դուրս են եկել ռեստորանային համալիրից։ Ու ինքը չի գնացել ռեստորան։ Նրա խոսքերով, երբ իմացել է, որ Վահե Ավետյանին վիրահատում են՝ բարկացել է ռեստորանի անվտանգության աշխատակիցների վրա։ Սակայն չի պարզել դեպքի մանրամասները եւ ով ում է հարվածել. «Ես իրենց ուղղակի վիրավորել եմ, կա հարց, շատ վատ պատմություն եւ սկսվեց քաղաքական շոու կազմակերպվել։ Ես վրդովված միայն իրենց անպատվել եմ».-հայտարարեց ՀՀԿ նախկին պատգամավորը։
Նա միայն ասաց, որ պարզել է, որ ամբաստանյալ Արման Խաչատրյանը դեպքի ժամանակ նստած է եղել ավտոմեքենայի մեջ, քանի որ իրեն վատ է զգացել։ Նաեւ միջադեպին մասնակցել են այլ անձինք, որոնց ինքնությունը չի կարողացել պարզել։
Ռուբեն Հայրապետյանը դատարանին խնդրեց հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված ցուցմունքները։
Այսօր Ռուբեն Հայրապետյանը նաեւ նշեց, որ ամբաստանյալներին ճանաչում է դեռ մանկուց եւ նրանք նման բան չէին կարող անել։
Պարոն Հայրապետյանը դատարանին վստահեցրեց, որ 6 ամբաստանյալներից եւ ոչ մեկը չի եղել իր թիկնապահը` միայն անհրաժեշտության դեպքում ուղեկցել են իրեն։