Որտե՞ղ է Տոնուսի Աշոտը. Դավիթաշենցիների բնակարանային խնդիրը դեռ չի լուծվում
Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչների բնակարանային խնդիրը դեռևս չի լուծվում. Ոչ Աշոտ Տոնոյանն (Տոնուսի Աշոտ) է հանդիպում նրանց հետ, ոչ էլ կառավարությունն է կոնկրետ լուծումներ առաջարկում: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում խաբված բնակիչներից Գայանե Արաբյանն ասաց, որ երեկ կառավարության շենքի առաջ բողոքի ակցիայի ժամանակ բնակիչներից մի քանիսը հանդիպել են կառավարության ներկայացուցչի հետ, բայց վերջինները հորդորել են սպասել վեց ամիս: «Ասել են, որ վեց ամսվա ընթացքում կքննարկեն, կուսումնասիրեն թե Տոնուսն ինչեր է արել և այլն, և այլն: Մի խոսքով, որևէ լուրջ բան չկա», -փոխանցեց տիկին Արաբյանը:
Panorama.am-ն ավելի վաղ անդրադարձել է խնդրին և տեղեկացրել, որ շուրջ 150 բնակիչներ, որոնց հետ «Տոնուս Construction» ընկերությունը բնակարանի վաճառքի վերաբերյալ պայմանագիր է կնքել, մտավախություն ունեն, որ չեն ստանա նորակառույց շենքում իրենց գնած բնակարանները: Օրինակ, մեր զրուցակից Գայանե Արաբյանը պայմանագիր կնքած բնակիչներից է, որը պահանջվող 13 մլն 600 հազար դրամի մեծ մասը վճարել է և մնացել է վճարելու 970 հազարը: Նա մտավախություն ունի, որ նորակառույց շենքում չի ստանա իր բնակարանը, քանի որ իրենք տեղեկացել են, որ 85 տոկոսով կառուցված 15 հարկանի բնակելի շենքը «Արցախբանկում» գրավի տակ է:
Տիկին Արաբյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ չնայած բոլոր ջանքերին, չեն կարողանում հանդիպել «Տոնուս Construction» ընկերության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Տոնոյանի հետ: «Այդ ընկերությունում մեզ ընդունում է Նշան Աբրահամյանը, և նա վերջին անգամ ասեց, որ այս շաբաթվա մեջ կծանուցի ու կհավաքվենք, խոսենք: Բայց դեռ ոչ մի նորություն չկա», -փոխանցեց տիկին Արաբյանը:
ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ի պատասխան մեր հարցման, ասաց, որ Աշոտ Տոնոյանի հետ որևէ կապ չունի և չի էլ կարող կուսակցականի անվան հետ կապված տեղեկություններին որևէ մեկնաբանություն տալ: «Կուսակցության հետ կապված հարցերին, համեցեք, պատասխանեմ, բայց ինչ-որ անհատների մասնավոր գործերի վերաբերյալ ես կոմպետենտ չեմ ու անկեղծ ասած ցանկություն էլ չունեմ ոչ մտածելու, ոչ էլ խոսելու», -հավելեց Տիգրան Ուրիխանյանը:
Նախորդող հրապարակումներ. Տոնուսի Աշոտը «քցե՞լ» է բնակիչներին. Նորակառույց բնակելին գրավի տակ է, քաղաքացիները` անհույս
Դավիթաշենցիների շենքը կառուցելու համար «Տոնուս»-ը վարկ է վերցրել «Արցախբանկ»-ից. Մանրամասներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին